top of page

Սյունիքն ու Վայոց Ձորն անգամ դպրոցական հարցաշարերում են առանձնացվում ՀՀ վարչական տարածքից․ ինչո՞ւ



«Թվարկե՛լ ՀՀ բոլոր մարզերը և մարզկենտրոնները, բացի Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից»․ Աշխարհագրություն առարկայի իններորդ դասարանի օլիմպիադայի հարցերից մեկն է, որին պատասխանելով աշակերը կստանա 2 միավոր։


Պարզ հարց, որը շատ մասնագետների մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ են հարցից հենց Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը հեռացվում, ինչո՞ւ են աշակերտներին «ստիպում» մտաբերել բոլոր մարզերն ու մարզկենտրոնները, բացի այն մարզերից, որոնց շուրջ բավականին սուր քննարկումներ են ծավալվում հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։


Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Աշխարհագրություն առարկայի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանի հետ։


Նրա խոսքով՝ հարցում ութ մարզ է ներառված եղել զուտ տեխնիկական պատճառներով։


«Աշակերտը ամբողջ հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է ստանար երկու միավոր, իսկ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար (մարզ-մարզկենտրոն) տրամադրվում է 0.25 միավոր։ Եվ այդ պատճառով ենք ութ մարզը թողել։ Այստեղ քաղաքական որևէ երանգ փնտրելն ուղղակի անթույլատրելի է»,- նշեց նա։


Արսեն Գրիգորյանի պնդմամբ՝ մարզերի ընտրությունը եղել է պատահականության սկզբունքով։


«Բացի այդ, երեխաները հիմանականում սխալվում են Արագածոտնի և Արարատի մարզերի մարզկենտրոնները նշելու ժամանակ։ Իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մասին երեխաները լավ տեղեկացված են»,- նշեց նա։


Դիտարկմանը, որ այս ձևով երեխաների մոտ ձևավորվում է այս մարզերը ընդհանուր Հայաստանի վարչական տարածքից առանձին ընկալելու վտանգ՝ Արսեն Գրիգորյանն արձագանքեց՝ ասելով, որ նման բան չկա, ու եթե հայրենասիրությունից են խոսում մարդիկ, ապա թող նախ իր արած գործին ծանոթանան, իր արած աշխատանքի ծավալը տեսնեն։


Նարե Գևորգյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page