top of page

ՌԴ-ն ցանկանում է ավելացնել իր ռազմաքաղաքական և տնտեսական ներկայությունն Ադրբեջանում



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները վերջին տասնամյակում զարգանում են տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:


Ադրբեջանը սահմանակցում է ՌԴ-ին, ՌԴ-ում բնակվում է մեծաթիվ ադրբեջանական համայնք, Ադրբեջանում ուժեղ են թուրքական, արևմտյան գեոպոլիտիկ, տնտեսական դիրքերը, իսկ Մոսկվան չի ցանկանում հետ մնալ իր մրցակիցներից՝ Արևմուտքից և Թուրքիայից:


Ռուսական կողմը ցանկանում է Ադրբեջանում ունենալ քաղաքական, տնտեսական ներկայություն և ազդեցության լծակներ Բաքվի վրա: Ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի և Բաքվի միջև հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Ադրբեջանը վճարունակ գնորդ է և Մոսկվան ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտում համագործակցությունն ընկալում է, որպես բիզնես:


Հիշեցնենք, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ավելացրել է իր քաղաքական, ռազմական, տնտեսական ազդեցությունն Ադրբեջանում՝ Զանգեզուրյան միջանցքի կյանքի կոչումը միայն մեծացնելու է թուրքական ներկայությունն Ադրբեջանում և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կապերը:


ՌԴ-ն և Ադրբեջանը կյանքի են կոչում էներգետիկ-տնտեսական նախագծեր՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային-էներգետիկ միջանցքը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում: Շուտով իրականություն է դառնալու ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը:


Ռուս-ադրբեջանական հարաբերություններում անկյունաքարային է արցախյան հարցը՝ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահ ուժերը ներկա են Արցախում՝ ապահովելու արցախահայության անվտանգությունը:


Թուրքիայի և Արևմուտքի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան Արցախից՝ Արցախի հայաթափումը կյանքի կոչելու համար:


ՌԴ-ի համար արցախյան հարցն ազդեցության լծակ է Ադրբեջանի նկատմամբ՝ Մոսկվան գիտակցում է, որ արցախյան հարցի հանգուցալուծման պարագայում Ադրբեջանն էլ ավելի սերտ ռազմաքաղաքական կապեր է հաստատելու Անկարայի հետ՝ դառնալով Թուրքիայի դե-ֆակտո սատելիտն ու պլացդարմը ՌԴ-ի սահմանների երկայնքով, լոգիստիկ միջանցք դեպի Մեծ Թուրան:


Ադրբեջանը բոլոր ոլորտներում խորացնում է կապերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ ստորագրում է Շուշիի հռչակագիրն Անկարայի հետ, ինչը ազդակ է Մոսկվայի համար առ այն, որ Ադրբեջանը մնալու է թուրքական, անգլո-սաքսոնական ազդեցության գոտում:


Այսպիսով, ՌԴ-ն ցանկանում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ Հայաստանի հետ ռազմավարական դաշինքին զուգահեռ ունենալով տնտեսական, քաղաքական ազդեցություն նաև Ադրբեջանում:


Արտյոմ Բալասանով

コメント


1/465

LATEST NEWS​​

bottom of page