top of page

Փաշինյանի «բեսպրեդելը»


Նիկոլ Փաշինյանը «դրսերի» հետ առևտուր է անում՝ բնավ էլ ոչ այն բանի համար, որ առաջ մղի Հայաստանի ազգային-պետական օրակարգը։ Նրան հետաքրքրում է բացառապես սեփական իշխանության պահպանումը, ամրապնդումը։


Ղազախական կամպանիայում ռուսական օրակարգին ծառայելուց հետո, մանավանդ՝ ԵԽԽՎ տխրահռչակ բանաձևի համատեքստում, պարզ էր, որ Փաշինյանը կտրուկ քայլեր է իրականացնելու անձնակենտրոն ավտորիտար իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։


Արմեն Սարգսյանի հրաժարականն այդ շարքից էր։


Պոստֆակտում ակնհայտ է դառնում, որ երկրի արդեն նախկին նախագահի հրաժարականի գործընթացում Փաշինյանի «մատը խառն» է։


Հիմա գործի է դրվել ողջ ռեպրեսիվ մեքենան՝ դատական համակարգն ամբողջովին «կապիտուլացնելու» նպատակով։


Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունն ու համաձայնել, որ նախաքննական մարմինը քրեական հետապնդում հարուցի և ազատությունից զրկի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Այսօր կամ վաղը դատարանը որոշում կկայացնի դատավորի կալանքի հարցով։


Քննության հիմքում դատավորի՝ դեկտեմբերի սկզբին կայացրած որոշումն է։ Այդ օրը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված ամբաստանյալներից մեկը՝ Նվեր Մկրտչյանը նիստին չի ներկայացել, դատարանը դա անհարգելի է համարել ու նրա խափանման միջոց ստորագրությունը փոխարինել է կալանքով։


Այդ պահին դատախազությունը չի վիճարկել դատավորի քայլը, սակայն այսօր այդ հիմքով նրա դեմ քրեական գործ է հարուցում։


Միայն այս փաստը բավարար է, որ պնդենք՝ Բորիս Բախշիյանի գործը քաղաքականապես մոտիվացված է։


Բախշիյանը մոտ մեկ շաբաթ առաջ որոշել էր գրավի դիմաց կալանքից ազատել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ով մեղադրվում մտացածին հիմքերով։


Հենց սա էլ չի ներվում «ըմբոստ» դատավորին․ նա կատարել է գործողություն, որը հակադրվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին։


Այստեղ խնդիրը Բախշիյանի անձը չէ։


Իշխանությունը նշանային այդ դրվագով դատական ամբողջ համակարգին հանձնվելու մեսսիջ է հասցեագրում՝ «ըմբոստներին» վախեցնելով քրեական հետապնդման, ազատազրկման հեռանկարով։


Երկրում հաստատվում է Փաշինյանի «բեսպրեդելը»։


Վահրամ Բագրատյան

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page