Մեղմացվել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները
Կառավարության որոշմամբ՝ մեղմացվել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները։
Ըստ որոշման հիմնավորման՝
«1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային կայուն իրավիճակով (այս պահի դրությամբ, ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կանաչ գոտում), ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնային բարձր ակտիվությամբ՝ պայմանավորված ցուրտ եղանակով:
Համաձայն օրական կտրվածքով իրականացվող մշտադիտարկման արդյունքների, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված բարձր ակտիվություն, որը պայմանավորված է նշված հիվանդությունների սեզոնային ակտիվությամբ։ Ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորաված 38446 դեպք (հիվանդացության ցուցանիշը 100000 բնակրչի հաշվարկով կազմում է՝ 1297,8, որը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 17295 դեպք (100000 բնակրչի հաշվարկով կազմում է՝ 583,8) աճել է՝ 2,2 անգամ։ Աճը պայմանավորված է նշված հիվանդությունների սեզոնային ակտիվությամբ, ինչպես նաև ձմռան ցուրտ եղանակով: Սուր շնչառական վարակներից խուսափելու համար առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ:
Միաժամանակ Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկի հիման վրա (ինքնամեկուսացման ժամկետի տևողությունը սահմանվել է 5 օր: https://www.cdc.gov/media/releases/2021/s1227-isolation-quarantine-guidance.html) Եվրոպական մի շարք երկրներ՝ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը՝ օրինակ Մեծ Բրտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեցարիան՝ 5 օր:
Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է ինքնամեկուսացման ժամկետ սահմանել պատվաստված անձանց համար 7 օրացուցային օր, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օր, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Միաժամանակ առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը։
6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 ծրագիրը» հաստատելու մասին թիվ 1363-Ա որոշման հավելվածի 4.5 կետի 9-րդ պարբերությունից: Կորոնավիրուսային հիվանդությունը, հանդիսանալով հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող հիվանդություն, պահանջում է արագ արձագանքման և պատրաստվածության, միջգերատեսչական և միջոլորտային համագործակցության ապահովում: Նման լարված համաճարակային իրավիճակը պահանջում է չթուլացնել զգոնությունը և շարունակել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար»։
Comments