top of page

Մեր ու Գերմանիայի տարբերությունը. նրանք ընտրում են երկրի նախագահ, մենք «ՔՊ նախագահ»



Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը երեկ վերընտրվել է Գերմանիայի նախագահի պաշտոնում Դաշնային ժողովի կողմից, որը հավաքվում է հատուկ այդ նպատակով։


Նախագահի պաշտոնը Գերմանիայում նույնպես արարողակարգային է, բայց շատ կարևոր է համարվում, որ նախագահի ընտրությունները, նախագահը դառնան ազգային համաձայնության խորհրդանիշ։ Հենց այդպիսին է Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը։


Սոցիալ- դեմոկրատ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի նախագահ առաջին անգամ դարձավ 2017-ի մարտի 19-ին, ընդ որում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությամբ, որն, ի դեպ, ներկայացնում է սոցիալ- դեմոկրատների «մշտական ախոյան» Քրիստոնեա- դեմոկրատական միությունը։


Այլ խոսքով գերմանացիները կարողացել են ստեղծել քաղաքական մշակույթ, որի պայմաններում նախագահական ընտրությունները, նախագահ անձը դառնում են ազգային համաձայնության խորհրդանիշ անկախ ներքաղաքական սուր տարաձայնություններից։


Նույն կոնսոլիդացված քվեարկությունը տեղի ունեցավ երեկ, երբ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը երկրորդ անգամ նախագահ ընտրվեց Դաշնային ժողովի մասնակիցների ձայների բացարձակ մեծամասնությամբ. նրա թեկնածության շուրջ քաղաքական կոնսենսուս կար բոլոր առանցքային կուսակցությունների միջև։


Հայաստանում նախագահի պաշտոնը նույնպես արարողակարգային է, բայց կառավարող կուսակցությունը, ցավոք, այն դիտարկում է իշխանությունը մոնոպոլացնելու ագրեսիվ քաղաքականության համատեքստում. ազգային համաձայնության, կոնսենսուսի ոչ մի բաղադրիչ։


Նիկոլ Փաշինյաը նախագահի թեկնածու ընտրեց իր կաբինետի նախարարի, որի քաղաքական լոյալության հարցում որևէ կասկած գոյություն չունի։ Փաշինյանի մակարդակով անոնսավորեց, որ ընդդիմության հետ քաղաքական քննարկումների անհրաժեշտություն չկա, որովհետև Վահագն Խաչատրյանն առնվազն երկրորդ փուլում կարողանում է ընտրվել բացառապես ՔՊ խմբակցության քվեարկության արդյունքում։


Վահագն Խաչատրյանն ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու անգամ ձևական ցանկություն չի հայտնում, որովհետև նա նախագահ է դառնալու ոչ թե խորհրդարանի, նույնիսկ նրա մեծամասնության, այլ բացառապես Փաշինյանի կամքով։


Մեր ու Գերմանիայի տարբերությունն ահռելի է ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարությունը համարի Հայաստանի բրենդ. նրանք ընտրում են երկրի նախագահ, մենք «ՔՊ նախագահ»։


Վահրամ Բագրատյան

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page