top of page

Մակրոնը վերցնո՞ւմ է նախաձեռնությունը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանս է անցկացրել, որտեղ քննարկվել են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը վերաբերվող, ինչպես նաև մարդասիրական համագործակցությանը նվիրված հարցեր։


Նման ձևաչափով հանդիպման մասին կանխավ չէր անոնսավորվել, այդ թեմայի շուրջ նույնիսկ ինֆորմացիոն կամ դիվանագիտական արտահոսքեր չեն եղել։


Նման դեպքերում, հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները ժլատ են լինում ու մնում է դրանք համադրել ու գալ որոշակի հետևությունների։


«Նախագահ Մակրոնն ու նախագահ Միշելը հաստատել են իրենց լիարժեք հակվածությունը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն աջակցելու ուղղությամբ: Նրանք գնահատել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո, մասնավորապես՝ վերջերս գերիների ազատագրման, շարունակվող համատեղ անհետ կորածներին որոնելու գործում, ինչպես նաեւ առաջիկայում երկաթուղու վերականգնումը: Պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ներկայացրել հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: ԵՄ-ն ու Ֆրանսիան դեռեւս հակված են աշխատել ուրիշ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ, բարգավաճող, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,-նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:


Բաքուն ևս նշել էր, որ կողմերը քննարկել են ՄԱԿ-ի գիտական ու մշակութային կազմակերպության ներգրավման հարցը։ Ալիևի աշխատակազմը նշել էր, թե «քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։


Հայաստանի վարչապետի գրասենյակը, այս թեմաները թվարկելուց բացի, նշել է, թե «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո»։


Ինչպես տեսնում ենք՝ Բաքվի ու Երևանի պաշտոնական հաղորդագրությունների բովանդակություններն ու շեշտադրումներն էապես տարբեր են։


Սկզբունքորեն ցանկացած բանակցություն նախընտրելի է պատերազմից, այնուամենայնիվ, կոնկրետ հանդիպման վերաբերյալ մի քանի հարցադրումներ անենք։


Այս հանդիպումը, այսպես ասած, ռուսական օրակարգի շարունակությո՞ւն է(Մակրոնն ու Պուտինը վերջին շաբաթվա ընթացքում երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել ու չի բացառվում, որ քննարկել են նաև այս հարցը), թե՞ ԵՄ-ն ու մասնավորապես` Ֆրանսիան գեներացնում են նոր գործընթաց։


Արդյո՞ք փաստացի «սառը պատերազմի» պարագայում` ԵԱՀԿ ՄԽ-ի ինստիտուցիոնալ գործունեությունը հնարավոր է, թե՞ այլևս ԼՂ խնդրում կարող ենք ականատես լինել լոկալ նախաձեռնությունների` դրանցից բխող հնարավոր ռիսկերով։ Երբ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ուկրաինական ճգնաժամն է, ո՞րն էր նման տեսակոնֆերանսի անցկացման անհրաժեշտությունը։


Եվ վերջապես` սա իրական գործընթա՞ց է, թե՞ տեղավորվում է ընտրությունների նախապատրաստվող Մակրոնի PR կամպանիայի տրամաբանության մեջ։

Թերևս, մոտ ապագայում կունենանք այս հարցերի կամ դրանցից գոնե մի քանիսի պատասխանները։


Վահրամ Բագրատյան

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page