Ժողովուրդը մերժում է Փաշինյանին․ վարչապետի դիլեման
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքները բավականին ուշագրավ պատկեր են ի հայտ բերում։
Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև՝ «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»։ Հատկանշական է, որ եթե մայիսին հարցվածների 41 տոկոսը պատասխանել էր, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 20 տոկոսը կարծում էր՝ սխալ ուղղությամբ, ապա արդեն տարեվերջին պատկերը փոխվել է՝ 46 տոկոսը նշել է, որ սխալ ուղղությամբ է շարժվում, 34 տոկոսը՝ ճիշտ։
Հասարակությունն այլևս չի վստահում կառավարությանը։
Նման իրավիճակում` կառավարությունն ունի երկու ճանապարհ` ա)խմբագրել իր քաղաքականությունը` այն հասարակության տրամադրություններին ներդաշնակեցնելու նպատակով, բ)գնալ ավտորիտարիզմի ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանը, կարծես, ընտրել է երկրորդ ճանապարհը, որը խորացնելու է վստահության ճգնաժամը` տարբեր, այդ թվում` ֆորս- մաժորային զարգացումներով։
Տեսականորեն, իհարկե, ավտորիտար կառավարումը՝ զուգորդված մանիպուլյատիվ քարոզչությամբ, կարող է մի կարճ ժամանակահատվածում ամրապնդել իշխանության դիրքերը, մանավանդ, երբ երկրում պոպուլյար չեն նաև տիտղոսային ընդդիմության առաջնորդները։
Սակայն այս հանգամանքը, երկարաժամկետ հեռանկարում, ամենին էլ չի վերացնում վստահության ճգնաժամը, մանավանդ, որ տեսանելի չեն այն քայլերը, ծրագրերը, որոնք կարող են հասարակական տարբեր խմբերում վերականգնել վստահությունն իշխանության, նրա առաջին դեմքի հանդեպ։
Երբ վստահության ճգնաժամի հաղթահարման քաղաքական լուծումների փոխարեն՝ գործի են դրվում ռեպրեսիվ մեթոդները, կառավարման ավտորիտար մշակույթը, դա հանգեցնում է քաղաքական ինստիտուտների դեգրադացիային։ Այդ ամենի վերջը կամ հեղափոխական զարգացումներն են, ինչի ականատեսը դարձանք Հայաստանում՝ 2018-ին, կամ ղազախական սցենարը՝ արյունոտ վերջաբանով։
Եթե քաղաքական այս աքսիոմը Փաշինյանը չգիտակցի, ապա Հայաստանը թևակոխելու է պերմանենտ անկայունության շրջան՝ ներքին ու արտաքին մարտահրավերներով։
Վահրամ Բագրատյան
Comments