Ճակատագրական առերեսում
Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Նման հրաման Վճռաբեկ դատարանի նախագահը ստորագրել է 2022 թվականի փետրվարի 18-ին։
Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Ակնհայտ է, որ ընդհանուր ժողովի անցկացումը հատկապես անհրաժեշտություն է դառնում արդարադատության նախարարի վերջին հրապարակային ելույթներից ու հարցազրույցներից հետո։ Կարեն Անդրեասյանը բացահայտ կերպով ակնարկում է, որ գործադիր իշխանությունը մոտ ապագայում նախատեսում է տոտալ «գրոհ» դատական համակարգի դեմ։
Սկզբունքորեն այդ «գրոհի» առաջին ծիծեռնակներն արդեն կան։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանն իշխանության կողմից «պատժվում» է քաղաքական մոտիվներով։
Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության կենտրոնացման անթաքույց կամպանիա, որի շրջանակներում անձնակենտրոն ավտորիտար իշխանության դիկտատի տակ, ԱԺ-ից ու կառավարությունից հետո, պետք է հայտնվեն իշխանության գրեթե բոլոր ճյուղերը։
ՏԻՄ համակարգում իշխանությունը դեռևս շարունակում է ռեպրեսիաների քաղաքականությունն այն համայնքապետերի նկատմամբ, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Երկու օրից Նիկոլ Փաշինյանը կունենա իր «սրտի ՄԻՊ-ը» ու այլևս մարդու իրավունքների համակարգված խախտումների վերաբերյալ զեկույցներ կամ ահազանգեր չենք լսի։ Մարտի առաջին օրերին ԱԺ կողմից կընտրվի երկրի նոր նախագահ, որը «կապահովի քաղաքական ներդաշնակություն» ու այլևս չի լինի որևէ դեպք, երբ ԱԺ ընդունած ավտորիտար որևէ օրենք կամ վարչապետի կամայական կադրային որոշում վերապահման արժանանա Բաղրամյան 26-ում։
Ահա, այս համատեքստում, դատական իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ՝ ընդդիմանալ գործադիր իշխանության կամայականություններին ու հույսեր արթնացնել, որ Հայաստանը վերջնականապես չի թաղվելու ավտորիտարիզմի ճահիճում, կամ էլ՝ կապիտուլացվել գործադիր իշխանության առջև։ Երկընտրանքը կհանգուցալուծվի չորս օր հետո։
Վահրամ Բագրատյան
留言