Գնահատվել է ամբողջ աշխարհում աղքատության վերացման վնասը
Գրոնինգենի համալսարանից նիդեռլանդացի գիտնականները գնահատել են, թե ինչպես կփոխվի ածխաթթու գազի արտանետումների մակարդակը ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության վերացման դեպքում: Ըստ հաշվարկների՝ ամենաաղքատ երկրներում կենսամակարդակի բարձրացումը շրջակա միջավայրի վրա գրեթե չի ազդի, գրում է «ЛентаРу»-ն։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կարծում է, որ օրական 1,9 դոլարից (մոտ 144 ռուբլի) պակաս ծախսողները «ծայրահեղ աղքատության մեջ» են ապրում։ 2014թ․ տվյալներով՝ ավելի քան միլիարդ մարդ այդ կատեգորիային է պատկանում: Նրանց մեծ մասն ապրում է Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում՝ երկրներ, որտեղ ածխաթթու գազի արտանետումների մակարդակը ամենացածրն է։ Միաժամանակ, ամենահարուստ երկրների մեկ տոկոսի արտանետումների մակարդակը 75 անգամ գերազանցում է ամենաաղքատ երկրների 50 տոկոսի արտանետումների մակարդակը։
Գիտնականները մշակել են մի շարք հնարավոր սցենարներ, որոնցով կարող էր էկոլոգիական վիճակը զարգանալ աղքատության գլոբալ վերացման դեպքում։ Այս սցենարներով ժողովրդագրական պատկերի կամ էներգետիկ հաշվեկշռի փոփոխություններ չեն նախատեսվում: Փորձագետները հաշվարկել են, թե աղքատների տեսական անցումը աղքատության շեմից բարձր խմբին ինչպես կազդի շրջակա միջավայրին նրանց հասցրած վնասի վրա:
Փորձի հեղինակները եկել են այն եզրակացության, որ աղքատության վերացումը կհանգեցնի վնասակար նյութերի արտանետումների մակարդակի մեկ տոկոսից պակաս աճի։ Միաժամանակ արտանետումները կավելանան 18 տոկոսով, եթե ավելանան աղքատության շեմից բարձր խմբի մարդկանց եկամուտները, նրանց օրական ծախսերը առավելագույնը 5,5 դոլար են կազմում։
Comments