top of page

Այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել. Զաքարյան



Ոչ հեռու անցյալում Հայաստանը պետություն էր, միջազգային իրավունքի իրական սուբյեկտ: Բանակցում էր մեծ ու փոքր պետությունների հետ, հարևանների հետ, համաշխարհային ու ռեգիոնալ միջազգային կազմակերպությունների հետ: Նման գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում.

«Անվտանգություն, Արցախի ինքնորոշում, Հայոց Ցեղասպանության ճանաչում, տնտեսություն, ներդրումներ, մշակույթ, կրթություն, ժողովրդավարություն, բարեփոխումներ, նոր սպառման շուկաներ, էներգետիկա, կեմունիկացիաներ, էկոլոգիա, ֆինանսներ և այլն:

Սեփական կենսական շահերով կամ ընդհանրական օրակարգերով, միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատում էին նախագահի ինստիտուտը, դիվանագիտական կորպուսն իր ողջ կազմով, կառավարությունն իր բոլոր նախարարություններով, ընդհուպ մինչև ՏԻՄ-երը: Իր ողջ ներկայացուցչական կազմով ու աջակցող օրակարգերով, երկկողմ ու բազմակողմ բոլոր խորհրդարանական հարթակներում լայնածավալ աշխատանք էր տանում Ազգային ժողովը` իր ֆրակցիաներով, հանձնաժողովներով, միջխորհրդարանական պատվիրակություններով ու բարեկամական խմբերով:

Անուրանալի և մեծածավալի գործ էր անում հայկական Սփյուռքը: Որովհետև կար հայոց պետությունը, նրա ուժը, աճը, վերելքը, հասկանալի և համադրելի ազգային շահերն ու առաջնահերթությունները: Մի խոսքով աշխարհում Հայաստան պետություն կար, որն ուներ զարգացման կոնկրետ նպատակներ, ներկայաված էր պատշաճ, սպասված ու ընդունված էր ամենուրեք:

Որտեղ պետք էր` պինդ ոսկոր էր: Որտեղ պետք էր` փափուկ ու ճկուն: Որտեղ պետք էր` գործընկեր ու բարեկամ: Որտեղ պետք չէր` դիտորդ կամ չեզոք: Եթե պետք էր, նույնիսկ Բաքու էր գնում, ու ասելիքը` առանց կաշկանդվելու, մինչև վերջ տեղ հասցնում:

Կար ժամանակ, երբ մենք մեր ներքին զրույցներում, կատակով ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը նմանվելու է գերտերության օրակարգի` ի նկատի ունենալով իհարկե հագեցվածությունը:

2018թ. -ից Հայաստանը դարձավ իզգոյ պետություն` անօգնական, լքված, անօրակարգ, անծրագիր, աննպատակ, անհասկանալի ու ողորմելի քաղաքական դեմքերով:

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության վերաբերյալ քամահրական դատողություններ անել: Իսկ ի՞նչ ասի Հայաստանի մասին կարծիք հայտնողը, երբ Հայաստանի այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել:

Լուկաշենկոն, իհարկե էքսցենտրիկ կերպար է, և հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով: Հարցը դրանով չի փակվում, և դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը. ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը մոտ ապագայում: Այն Հայաստանի, որն ընդամենը չորս տարի առաջ պահանջատեր էր և ինքնիշխան, իսկ այսօր` նսեմացված է, արհամարված ու թալանված: Արտաքին աշխարհի համար` ավելորդ բեռ է դարձել, իսկ թուրքական աշխարհի համար` ցանկալի միջանցք:

Այս իրավիճակի հետ հաշտվելը հանցագործություն է պետության նկատմամբ: Ոչ պակաս հանցագերծություն` քան գործել են Նիկոլն ու իր ուսապարկերը:

Հետևաբար, հաշտվել ու հանդուրժել այս ողբերգությունը չենք կարող և պայքարելու ենք մինչև չհեռացնենք այս ազգակործան իշխանությանը: Մինչև չհասնենք այն վիճակի, երբ որևէ մեկի, այդ թվում նաև Լուկաշենկոյի մտքով, այլևս չանցնի նման քամահրական արտահայտություն անել մեր հրաշալի երկրի ու արժանապատիվ ժողովրդի հասցեին»,-գրել է նա:


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page