Արցախի ՊԲ-ն պետք է համալրվի արդի զինատեսակներով
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ:
Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Արցախի ՊԲ-ն չպետք է կազմալուծվի՝ Բաքվի նպատակներից է Արցախի ապառազմականացումը, քանի որ այդ պարագայում՝ ՌԴ խաղաղապահների հնարավոր դուրս բերումից հետո ադրբեջանական զինուժը նոր հարձակման է անցնելու Արցախի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ն տասնամյակներ շարունակ գտնվել է ռազմական բախումների մեջ ադրբեջանական զինուժի հետ՝ հանդես գալով որպես մարտունակ զինված միավորում: Հետպատերազմական շրջանում Արցախի ՊԲ-ն պետք է գտնվի Հայաստանի և Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերը կարող են գեոպոլիտիկ և այլ հանգամանքներից ելնելով՝ ստիպված լքել Արցախի տարածքը՝ դա լինելու է Բաքվի համար «կանաչ լույս» հարձակման համար:
Ադրբեջանը հաջորդ պատերազմական գործողությունները սկսելու է Լաչինի միջանցքը «կտրելով»`խզելով Հայաստան-Արցախ ուղիղ և միակ կապը. Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն արդեն իսկ գտնվում է նրանց հսկողության տակ՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով:
Լաչինի միջանցքը գրավելուց հետո Արցախը հայտնվելու է ամբողջական շրջափակման մեջ, ինչին հետևելու են հարվածները Շուշիից և Աղդամից՝ Ստեփանակերտի ուղղությամբ: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բնագծերը ձեռնտու են Ադրբեջանին, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, Բաքուն գործում է ԱԹՍ-ներով, հեռահար հրետանային հարվածներով, ինչին հետևում են վարձկանների, հատուկ ջոկատայինների ցամաքային գործողությունները:
Արցախի ՊԲ-ն պետք է վերականգնի նախկին մարտունակությունը՝ պետք է ստեղծվեն նոր պաշտպանական շրջաններ, բարձրացվի զինվորականների աշխատավարձն ու նոր թափ հավաքի պայմանագրայինների ներգրավվումը զինված ուժերի շարքեր: ՀՀ-ն հստակ պետք է հայտարարի, որ շարունակելու է հանդես գալ, որպես Արցախի և այնտեղի հայության անվտանգության երաշխավոր և հարձակում Արցախի վրա՝ նշանակելու է հարձակում Հայաստանի վրա՝ սրանից բխող բոլոր ռազմա-քաղաքական հետևանքներով:
Արցախի յուրաքանչյուր գյուղ և քաղաք պետք է դառնա անառիկ ամրոց՝ շվեյցարական կամ իսրայելական բանակի օրինակով՝ մոբռեզերվը պետք է թվաքանակով մեծ և պատրաստված լինի:
Արտյոմ Բալասանով
Comments