Կոկաինից կախվածության դեմ դեղամիջոցը արդյունավետ է քաղցկեղի թերապիայի համար
Օտտավայի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ Վանոկսերին դեղամիջոցը, որը սկզբում ստեղծվել էր կոկաինից կախվածությունը բուժելու համար, կարող է խոչընդոտել ուշ փուլի կոլորեկտալ քաղցկեղի ցողունային բջիջների զարգացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cancer ամսագրում։
Հետազոտողները պարզել են, որ Վանոկսերինը հզոր ազդեցություն է թողնում՝ հաստ աղիի քաղցկեղի դեպքում ճնշելով ցողունային բջիջների ակտիվությունը։ Քաղցկեղային ցողունային բջիջներն ունեն նորմալ ցողունային բջիջների հետ կապված բնութագրեր, մասնավորապես՝ քաղցկեղի կոնկրետ նմուշում հայտնաբերված բոլոր տեսակի բջջիները սկզբնավորելու հատկություն։
Ըստ նշանակման կիրառելու ընթացքում (կոկաինային կախվածության բուժման ժամանակ) դեղամիջոցը ազդում է այն սպիտակուցի վրա, որը փոխանցում է դոֆամինը՝ կենսաբանորեն ակտիվ քիմիական նյութ, որը մասնակցում է հաճույքի եւ պարգեւատրման զգացումների ձեւավորմանը։ Կանադացի գիտնականների հետազոտության ընթացքում պարզվել է, որ Վանոկսերինը նաեւ ճնշում է այն G9a անվանումն ստացած ֆերմենտը։
Այդ ֆերմենտը կարեւոր դեր է խաղում կոլորեկտալ քաղցկեղի զարգացման գործում։ G9a-ի ճնշման հետեւանքով ուռուցքները, Վանոկսերինի օգտագործման դեպքում, դառնում են ավելի ընկալունակ իմունային համակարգի գրոհների նկատմամբ։ Այսպիսի արդյունքներ են ստացվել մարդու եւ մկների առողջ հյուսվածքների վրա դեղամիջոցի թեստավորման ընթացքում։ Նշվել է, որ դեղի դրական ազդեցությունը դրսեւորվել է այն նմուշների վրա, որոնք նկատվել են կոլորեկտալ քաղցկեղի ուշ փուլում բջջային մակարդակով։
Գիտական աշխատանքի հեղինակները նշել են, որ թերապիայի նման մեթոդը հիմնված է կրիտիկական գենային ցանցերի վերակառուցման վրա, ինչը թույլ է տալիս խուսափել նորմալ առողջ ցողունային բջիջների վնասումից։ Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ։
Comments