ՀՀ-ում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակների և գրիպի B տեսակի հարուցիչներ․ ինչ անել չվարակվելու և բարդություններից խուսափելու համար
Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։
Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝ բոկավիրուս-ռինովիրուս, ռինովիրուս-ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս-ադենովիրուս, գրիպի AH3N2-ադենովիրուսի հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով ու գրիպով չհիվանդանալու և բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, հագնվել եղանակին համահունչ, իսկ վարակվելու դեպքում մնալ տանը, վարակված երեխաներին թույլ չտալ հաճախել մանկապարտեզ ու դպրոց։
Հարկ է հիշել, որ չի կարելի ընդունել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն նման հիվանդությունների դեպքում։ Փոխարենը հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ և հաճախ օդափոխել փակ տարածքները
Comments