top of page

Թաղավարդցիներն ադրբեջանցիների խոսակցությունը լսում են անգամ իրենց տանը



Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Վագիֆ Շաքարյանի տունը թշնամու դիրքերից մոտ 400 մետր հեռավորության վրա է գտնվում։ Ասում է՝ ադրբեջացիների խոսակցություններն իրենց տանը լսվում են։ Դա թաղավարդցիների համար սովորական երևույթ է դարձել, ինչպես և՝ պարբերաբար հնչող կրակոցները։

Թաղավարդի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիները գյուղում վախի մթնոլորտ ստեղծելու համար տարբեր միջոցների են դիմում, այնուամենայնիվ, գյուղացիներն իրենց տները լքելու մտադրություն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վագիֆ Շաքարյանը, չունեն։

«Գյուղի՝ մեր հսկողության տակ մնացած հատվածում մեկ-երկու տուն է, որտեղ ապրող չկա։ Ու այնպես չէ, որ միայն մեծահասակներ են։ Բոլորն էլ իրենց երեխաների հետ են, ոչ մեկն իր երեխաներին չի ուղարկել այլ տեղ։ Իմ որդին էլ՝ իր երեխաների հետ, գյուղում է ապրում»,-ասում է Վագիֆ Շաքարյանը։

Դժվար է, թերևս, երեխաներին մանկապարտեզ տանելը։ Գյուղի մանկապարտեզը, ինչպես և դպրոցական շենքերից մեկը, ադրբեջացիների կողմից օկուպացված հատվածում է մնացել։

Թաղավարդցիները երեխաներին Կարմիր շուկայի մանկապարտեզ էին տանում, բայց 2022թ․ հունվարի 10-ից հետո, երբ ադրբեջացիները կրակահերթ բացեցին մանկապարտեզին հարակից տարածքի ուղղությամբ, ծնողները զգուշանում են երեխաներին տանել։

Ադրբեջանցիների հանցագործություններին թիվ ու հաշիվ չկա․ սովորական երևույթ է դարձել նաև անասնագողությունը։ Վագիֆ Շաքարյանն ասում է՝ գյուղում ով անասուն ունի, պետք է ինքը տանի արոտ ու բերի, որ հանկարծ չանցնի գյուղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատված։ «Շատ-շատ դեպքեր են եղել, որ անասունները վերցրել են ու չեն վերադարձրել։ Հարևանիս երկու կովն էլ անցավ իրենց կողմը, վերցրեցին։ Այդ հարևանիս որդին էլ անհետ կորած է»,-ասում է Վագիֆ Շաքարյանը։

Թաղավարդի վարելահողերի այն փոքր մասը, որ մնացել է հայկական կողմում, ևս թշնամու նշանառության տակ են։ Դա, սակայն, չի խանգարում գյուղացիներին մշակելու իրենց հողերը։

Մեծահասակներից խիզախությամբ հետ չեն մնում երեխաները։ Մինչ հայկական բնակավայրերը զավթած ադրբեջանցիներն անընդհատ փորձում են խաթարել տեղաբնիկների կյանքը, փոքրիկ գյուղացիները տեղացած առատ ձյունն են վայելում։

«Երեխաների պետքն էլ չի՝ ինչ է կատարվում։ Հիմա էլ դրսում են, սահնակ են քշում։ Բա հազիվ ձյուն է եկել, ո՞նց չքշեն»,-զրույցը եզրափակում է Վագիֆ Շաքարյանը։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page