top of page

Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է պահվել կալանքի տակ կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է․ պաշտպան



Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հայտարարություններին, թե Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատավոր Բորիս Բախշիյանի որոշման դեմ դատախազությունը բողոք չի ներկայացնում, որովհետև համաձայն է և անմտություն է դատավոր Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը Մինասյանին ազատ արձակելու որոշման հետ կապելը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրությանը տեղեկացրել է, որ Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի որոշմանը համաձայնել են և այն չեն բողոքարկում, իսկ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապել Աշոտ Մինասյանի գործով կայացված որոշման հետ անմտություն է։ Ընդ որում դատախազության հարգելի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ազատ արձակման ակտը չբողոքարկելով փորձում են հաստատել այն վարկածը, որ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապ չունի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու հետ, հայտնել է, որ դատախազությունում «շախմատով» զբաղվելու ժամանակ չունեն։

Այժմ ներկայացնեմ մի քանի փաստ.

Աշոտ Մինասյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.12.2021թ-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, ուր և նույն օրը ներկայացրել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։

Ընդ որում, պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրել էի վերացնել կամ փոփոխել Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ փոփոխման դեպքում կիրառել այլ, ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց, այդ թվում չհեռանալու մասին ստորագրություն, գրավ, ընդհուպ մինչև Հրանտ Թոխատյանի, Գրիգորի Խաչատուրովի և Բագրատ Սրբազանի անձնական երաշխավորությունը, որն անկասկած գործիքակազմով պայմանավորված ամենաարդյունավետ խափանման միջոցն է։

03.01.2022թ-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշել են մերժել ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու հիմքերը պահպանվում են, իսկ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Այսինքն քրեական գործի նախաքննության ավարտից՝ 24.12.2021թ-ից, մինչև դատախազության կողմից որոշման կայացման օրը՝ 03.02.2022թ-ը և դրանից հետո՝ մինչև Բորիս Բախշիյանի կողմից որոշման կայացման օրը՝ 26.01.2022թ-ը, Աշոտ Մինասյանի գործով որևէ էական կամ ոչ էական հանգամանք չի փոփոխվել, այսինքն, 26.01.2022թ-ին դատավոր Բորիս Բախշիյանը Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը քննել է բացառապես այն փաստերի շրջանակում, որոնք առկա են եղել դատախազության 03.01.2022թ-ի որոշման կայացման ժաամանակ։

Այս փաստերի հիման վրա Դատարանը կայացրել է տրամագծորեն հակառակ որոշում, ինչի հետ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերի համաձայն՝ նրանք ռետրոսպեկտիվ համաձայն են։

Ստացվում է, որ նույն փաստերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը 03.01.2022թ-ին գտել է, որ Աշոտ Մինասյանը պետք է կալանավորված մնա, իսկ 26.01.2022թ-ին գտնում է, որ Դատարանը ճիշտ է վարվել Աշոտ Մինասյանին ազատ արձակելով։

Արդյունքում պետք է փաստել, որ կամ

- դատախազության ապօրինի գործողությունների (միջնորդությունը չբավարարելու) արդյունքում Աշոտ Մինասյանը անօրինական էր կալանքի տակ պահվում կամ

- Աշոտ Մինասյանին ազատ արձակելու ակտը չբողոքարկելով, դատախազությունն իրեն «մաքրում է» Բորիս Բախշիյանին ապօրինի կալանավորելու գործով։

Հ. Գ. Մի հարցում համաձայն եմ. շախմատն իրոք ձերը չի »,- գրել է Պողոսյանը։


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page