Արևմուտքը զինում է Ուկրաինային և Վրաստանին՝ դե-յուրե չմտցնելով ՆԱՏՕ

Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել են ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Ջուանշեր Բուրչուլաձեն։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են գլոբալանվտանգության մարտահրավերները։ Բուրչուլաձեն պենտագոնի ղեկավարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի և Ուկրաինայի անվտանգությանը վճռական աջակցություն և ամուր դիրքորոշում ցուցաբերելու համար։
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ու Մոսկվայի կողմից առաջ քաշվող պահանջներն անվտանգության հետ կապված՝ Արևմուտքի կողմից այս պահին անտեսվում են:
Արևմուտքը շարունակելու է զինել Ուկրաինային և հնարավոր է նաև Վրաստանին՝ դե-յուրե չմտցնելով ՆԱՏՕ-ի կազմի մեջ, սակայն դե-ֆակտո այդ երկրները դարձնելով ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակիցներ (Major Non-NATO Ally):
ՆԱՏՕ-ն չի ցանկանում ուղիղ ռազմական բախման մեջ մտնել միջուկային տերություն ՌԴ-ի հետ, սակայն ֆինանսական, ռազմա-քաղաքական աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային և Վրաստանին՝ ռուսական ազդեցության զսպման ընդհանուր ռազմավարությունից ելնելով:
Ուկրաինան և Վրաստանը Սև ծով ելք ունեցող երկրներ են, սահմանակից են ՌԴ-ին և այս առումով գեոպոլիտիկ հետաքրքրություն են ներկայացնում Արևմուտքում: Վրաստանով են անցնում ԵՄ-ի համար կարևոր նավթագազամուղերն ու Սև ծով-Կասպից ծով տրանսպորտային ուղիները:
Ֆորմալ առումով Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չմտնցելով Արևմուտքը չի ցանկանում casus belli ստեղծել ՌԴ-ի հետ հարաբերություններում՝ հասկանալով, որ ռուսական ռազմական ներուժը թույլ կտա գրավել թե Ուկրաինան, թե Վրաստանը: Ուկրաինայում Մոսկվան ունի պլացդարմ՝ ի դեմս Դոնբասի, իսկ Վրաստանում՝ ի դեմս Աբխազիայի և Հարավային Օսիայի:
Ուկրաինական ճգնաժամում կողմերը՝ Արևմուտքն ու ՌԴ-ն, ցանկանում են պահպանել սեփական դեմքը՝ չզիջելով հակառակորդին, սակայն իրավիճակը չհասցնելով լայնածավալ ռազմական բախման Եվրոպայի կենտրոնում:
ՌԴ-ն մեսիջ է հղում Արևմուտքին, ՆԱՏՕ-ին, որ զորքերը հետ է քաշում ուկրաինական սահմաններից, իսկ Արևմուտքն ու հատկապես Ուկրաինան հայտարարում են, որ կարող են հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝պատերազմից խուսափելու համար:
Արևմուտքն ուկրաինական ճգնաժամով Մոսկվայի համար ստեղծում է ռազմա-քաղաքական ցուգցվանգ: Եթե Մոսկվան ռազմական ճանապարհով չի լուծում ուկրաինական ճգնաժամը, ապա նրա սահմանների մոտ մի քանի տարի կամ տասնամյակ անց հայտնվելու է ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինա: Հարձակման պարագայում ՌԴ-ի դեմ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիրառելու են շատ կոշտ տնտեսական պատժամիջոցներ և լայնածավալ ռազմական աջակցություն են ցուցաբերելու Կիևին, որպեսզի ռուսական կողմը չկարողանա հասնել իր ռազմա-քաղաքական բոլոր նպատակներին ուկրաինական ճակատում:
Այսպիսով, ուկրաինական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել, եթե Կիևը կատարի Մինսկի համաձայնագրի կետերը, չեզոքություն հայտարարի արտաքին քաղաքականությունում՝ հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ ռուսական կողմը ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ղրիմն այս համատեքստում մնալու է ՌԴ-ի կազմում:
Արտյոմ Բալասանով
Comentarios