Եվս երեք բենզալցակայան է վերացվել Երեւանում. սա հստակ «մեսիջ» է բենզալցակայանների տերերին. Ավինյան
Անցած շաբաթ Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել է Ավետ Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող ապօրինի բենզալցակայանը, նաեւ ապամոնտաժվել է Արամ Խաչատրյան-Հակոբ Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանը: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով, տնտեսվարողի կողմից ապամոնտաժվել է նաեւ Արցախի պողոտայի 32 հասցեում գտնվող ապօրինի բենզալցակայանը։
«Երևանում գործող 242 բենզագազացակայանից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով»,-ասաց Սաֆարյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց կատարված աշխատանքը՝ նշելով. «Այսուհետ նմանատիվ խախտումներ ունեցող բենզալցակայաններն անպայմանորեն պետք է վերացվեն։ Եվ սա, կարծում եմ, նույնիսկ պետք է հստակ մեսիջ լինի բոլոր բենզալցակայանների տերերի համար, որոնք այս պահի դրությամբ շատ լավ տեղեկացված են, որ ունեն ապօրինի գործող կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով գործող բենզալցակայաններ, և օր առաջ իրենք իրենց ուժերով կարող են ապամոնտաժել այդ բենզալցակայանները»:
Անդրադառնալով խախտումներով գործող 4 տասնյակից ավելի բենզագազալցակայաններին՝ Երևանի քաղաքապետը նշեց, որ ուսումնասիրություն պետք է իրականացվի՝ հասկանալու, թե ինչ ընթացք պետք է ստանան դրանք։
Commentaires