Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 3 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 10:40-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել է Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած ЗИЛ-ММЗ մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Գավառի բնակիչ, 24-ամյա Ռուստամ Պ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կարապետ Կ.-ն և Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Շալիկո Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հայկ Պ.-ն, հիվանդանոց տեղափոխված Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն ծառայում են Արցախի Պաշտպանության Բանակի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Comments