top of page

Խաչատրյանի մենությունը․ ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները



Երեկ վերջապես հստակեցվեց նախագահական ընտրություններում խորհրդարանական ընդդիմության մասնակցության հարցը։


«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- ասված է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության տեքստում։


Այս որոշումը դժվար է անակնկալ համարելը, որովհետև ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն՝ անգամ կոնսոլիդացված քվեարկության պարագայում, չեն կարող հաջողել նախագահական ընտրություններում։ Առավելագույնը, որ կարող է անել խորհրդարանական ընդդիմությունը՝ դա թույլ չտալն է, որպեսզի իշխանության թեկնածուն նախագահ ընտրվի առաջին փուլում։ Այդ խնդիրը միանգամայն լուծել է՝ նույնիսկ ընդդիմության բոյկոտի պարագայում։


Ստեղծված իրավիճակում, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի ընտրություններին կարող էին մասնակցել երկու պարագայում։


Տեսական տարբերական այն է, որ նախագահի ընտրությունների ու թեկնածուի հարցում ԱԺ մեծամասնությունն ու ընդդիմությունը գալիս են համաձայնությունների։ Նման հեռանկար Հայաստանում բացառվում է՝ անտագոնիստական քաղաքական համակարգի հետևանքով։


Ընդդիմության մասնակցությունն այս ընտրություններին իմաստ կարող էր ունենալ, եթե կար քաղաքական նոր բովանդակություն, կոնտենտ(այս պարագայում` թեկնածուի անձը երկրորդական է, որովհետև միևնույն է` ընտրվելու շանսը զրոյական է) ներկայացնելու խնդիր։


Հավանաբար, ընդդիմադիր խմբակցությունների փաստացի բոյկոտի մյուս պատճառը հենց քաղաքական նոր օրակարգի բացակայությունն է։ Սա ոչ թե մեղադրանք է, այլ փաստի արձանագրում։


Իշխանափոխության բլիցկրիգային ռեսուրսը սպառված է. հիմա ընդդիմադիր նոր օրակարգ ձեւակերպելու ժամանակն է։ Այս խնդիրը պետք է լուծվի` խորհրդարանական կամ ԱԺ-ում չներկայացված ընդդիմադիրների կողմից։


Սրա համար՝ որոշակի ժամանակ է պետք։


Վահրամ Բագրատյան

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page