Թուրքիան տարածաշրջանում ձևավորում է սուննիական առանցք

Թուրքիան եւ ԱՄԷ-ն տարբեր ոլորտներում համագործակցության մասին 13 համաձայնագիր են ստորագրել՝ Աբու Դաբի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջև պաշտպանության արդյունաբերության, առողջապահության, կլիմայի փոփոխության, արդյունաբերության, տեխնոլոգիաների, առևտրի, տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության, տնտեսության, տրանսպորտի, տարերային աղետների դեմ պայքարի, օդերևութաբանության եւ այլ ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել։
Թուրքիան ամրապնդում է կապերը ԱՄԷ-ի հետ՝ դուրս գալով Պարսից ծոցի շուկա և խորացնելով կապերը սուննիական աշխարհի հետ: ԱՄԷ-ն նախորդ տարի 10 միլիարդ դոլար ներդրումներ է իրականացրել Թուրքիայում՝ սոցիալական խնդիրներ, լիրայի արժեզրկում ունեցող թուրքական տնտեսության համար այդ ներդրումները շատ անհրաժեշտ են: Իր հերթին, Թուրքիան պատուհան է ԱՄԷ-ի և Ծոցի մյուս երկրների համար դեպի Եվրոպա, Սև ծովի տարածաշրջան: Թուրքիան ԱՄԷ-ից բացի խորացնում է կապերը Քաթարի հետ, որտեղ տեղակայված է թուրքական ռազմաբազա:
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արաբական աշխարհի, սուննիական երկրների հետ կապերը խորացումն առաջնահերթություն է: Չմոռանանք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը՝ նեոօսմանականության ջատագովներից է և ցանկանում է վերականգնել Անկարայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:
ԱՄԷ-ի համար հետաքրքիր է թուրքական ռազմական արտադրանքը, թուրքական 80 միլիոնանոց շուկան, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԱՄԷ-ն սերտացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-երկիր է:
ԱՄԷ-ն իր հերթին թուրքական բիզնեսի համար պատուհան է դեպի արաբական աշխարհ՝ նավթագազային ռեսուրսներով հարուստ Պարսից ծոցի տարածաշրջան: ԱՄԷ-ն ունի սերտ ռազմա-քաղաքական կապեր ԱՄՆ-ի հետ՝ անգլո-սաքսոնական ուժերի շահերից է բխում նաև Թուրքիայի և Ծոցի երկրների կապերի խորացումն՝ ի հակակշիռ Իրանի և շիական աշխարհի դիրքերի ամրապնդման:
Թուրքիան և Ծոցի արաբական միապետությունները շարունակելու են խորացնել կապերը, ինչը պայմանավորված է թե տնտեսական շահերով, թե ռազմա-քաղաքական, գեոպոլիտիկ իրավիճակով:
Պատժամիջոցներից դուրս եկող, նավթագազային ահռելի ռեսուրսներ ունեցող, ռազմական մեծ ներուժով Իրանը՝գեոպոլիտիկ մրցակից է Ծոցի երկրներին և Թուրքիային: Թուրքիան և Ծոցի երկրները ցանկանում են ստեղծել առանցք՝ իրանական դիրքերի ամրապնդումը զսպելու համար՝ Սիրիայից մինչև Եմեն:
Արտյոմ Բալասանով
Commenti