Սուր շնչառական վարակներով պայմանավորված ինչպիսի՞ իրավիճակ է հանրապետությունում
- Nov 19, 2022
- 2 min read

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն այսօր.
«Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում շնչառական վարակներով պացիետների 50%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 81.3%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ երեխաները: Հայաստանի Հանրապետությունում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։ Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ.սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։ Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է. Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային։ Հիշեցում. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով»:




























































Comments