Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողներ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզեմեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։ Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:
Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվել աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ նա այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։
Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, իսկ կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ:
Հիշեցնենք՝ ազատ ոճայինների կազմում ընդգրկված էին նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հաղթողի տիտղոսը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ էր նվաճել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:
Comments