top of page

Սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել, նրանցից մեկը արնաքամ է եղել



2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ ևս. սպանվածներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, վերջինս արնաքամ է եղել։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել անցած տարվա՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։ Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է դեռևս փետրվարի 2-ին, սակայն նախաքննական մարմնից փաստաբանը եզրակացությունը ստացել է ուշացումով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուրադ Մուրադյանի մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկից, որն առաջացել է հրազենային վնասվածքի արդյունքում, վերքը՝ կրծքավանդակի հրազենային-գնդակային միջանցիկ, բացի նշված մահացու հրազենային վիրավորումից՝ Մուրադն ունեցել է նաև աջ ծնկահոդի առաջային մակերեսի շրջանի սալջարդ-պատռված վերք, որը ևս, ըստ փորձաքննության, հրազենային վնասվածքի արդյունք է, եղել են նաև քերծվածքներ՝գլխի ճակատային և աջ վերքունքային շրջաններում, այսինքն, ստացվում է, որ բացի հրազենային վնասվածքից՝ Մուրադ Մուրադյանի գլխի հատվածում նաև քերծվածքներ են եղել։

«Այս փաստը խոսում է այն մասին, որ քննչական մարմնի նախնական վարկածը, որը մեծ ոգևորությամբ տարածվում էր, փլվում է։ Ծանրակշիռ փաստեր են ձեռք բերվում այս եզրակացություններով, որ վարկածը, թե իրենք քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել նրանց, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ օրգանիզմներում չեն հայտնաբերվել նաև թմրանյութեր, ալկոհոլի ազդեցությունը եւս բացառվում է։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ երեք զինծառայողներն էլ մահացել են հրազենային վնասվածք ստանալուց կարճ ժամանակ անց, երեք զինծառայողներն էլ բացի հրազենային վնասվածքներից ունեցել են այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ բութ առարկաներով, դրանք ևս հասցվել են մահվանից կարճ ժամանակ առաջ։ Խնդիրն այն է, որ Մուրադ Մուրադյանը դատաբժշկական կենտրոն փորձաքննության է ներկայացվել՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 12.00-ին, արձանագրվել է, որ մահը վրա է հասել 24 ժամից առաջ, ինչը նորմալ է, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, զինծառայողներից Լևոն Հարությունյանի դիակի ԴԲՓ եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվելուց մոտ 13-15 ժամ առաջ, մինչդեռ, Հարությունյանի փորձաքննությունը սկսվել է 2021թ օգոստոսի 20-ին՝ ժամը 11-ին և հետհաշվարկ կատարելու դեպքում ստացվում է, որ Հարությունյանը մահացել է օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20-22.00-ն ընկած ժամանակահատվածում։

«Գլխավոր դատախազությունն այստեղ անելիք ունի, ընդ որում՝ ոչ միայն դատախազությունը, կարծում եմ՝ և՛ ՊՆ-ն, և՛ ղեկավար մարմիններն անելիք ունեն, որովհետև սա անփութություն վերաբերմունք է, չգիտեմ ինչպես սա անվանել։ Ո՞վ է արձանագրել Լևոն Հարությունյանի մահը, ինչպես կարող էին առավոտյան ժամը 11-ին դիահերձել և պարզել, որ մարդը մահացել է 13-15 ժամ առաջ, այսինքն՝ գրեթե մեկ օր մարդը ողջ է եղել։ Իր մահն արձանագրվել է այն դեպքում, երբ մարդը մահացած չի եղել։ Այսինքն՝ եթե դեպքը տեղի է ունեցել 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01.30-02.00-ն, անհերքելի փաստ է։ Սևով սպիտակի վրա հստակ նշված է՝ մահը վրա է հասել հրազենային վիրավորումը ստանալուց հետո որոշակի կարճ ժամանակ անց, ինչպես նաև՝ փորձաքննությունը կատարելուց 13-15 ժամ առաջ։ Սա հանցագործություն է»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ, ըստ փորձաքննության Լևոն Հարությունյանը մահացել է հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, ինչը հրազենային վնասվածքի արդյունք է. Նա ունեցել է որովայնի առաջային պատի հրազենային գնդակային կույր վիրավորում։ Բացի այդ՝ ունեցել է նաև ներքին օրգանների սակավարյունություն, այսինքն՝ արնաքամվել է, ունեցել է նաև հետականջային, պարանոցային, սրբանային շրջանների հրազենային գնդակային շոշափող վիրավորումներ, աջից՝ 2-7-րդ կողոսկրերի կոտրվածքներ, որոնք հասցվել են կենդանության օրոք՝ կոշտ, բութ առարկայով։

«Ուզում եմ հասկանալ, կրկին՝ չի ստացվում։ Այսինքն՝ քնած էին երեք զինծառայողները, համածառայակիցը եկավ և հրազենով նրանց մահ պատճառեց, հետո՝ գտան նրանց դիակները, այն դեպքում, երբ, ըստ դատաբժշկի՝ նրանք միանգամից չեն մահացել, մահը վրա է հասել կարճ ժամանակ անց, բայց ոչ՝ անմիջապես»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ Հարությունյանի դեպքում ևս որևէ թմրանյութի, հոգեմեդ դեղերի և ալկոհոլի ազդեցություն չի եղել։

Սպանված մյուս զինծառայող Գոռ Սահակյանի մահը ևս վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, որը գլխի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի, կոնքի շրջանների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ ստանալու արդյունք է եղել և ուղղակի պատճառական կապի մեջ են եղել մահվան հետ։ Ըստ փորձաքննության՝ մահը վրա է հասել փորձաքննությունից շուրջ 24 և ավել ժամ առաջ, փորձաքննությունը սկսվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 11.00-ին։ Գոռ Սահակյանի մարմնին ևս առկա են եղել այլ վնասվածքներ ևս։

«Փորձաքննությունների, հետազոտության արդյունքում հետևության եմ հանգել, որ համակարգում ոչինչ փոխել հնարավոր չէ ։ Անփույթ վերաբերմունք է մարդկային կյանքի նկատմամբ։ Մարդկային կյանքը զրոյի է հավասարեցված։ Այսինքն՝ մարդը չի մահացել, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն տարել են դիահերձարան։ Սա խայտառակություն է»,-ընդգծեց Սարգսյանը։

Իսկ թե արդյո՞ք պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ փաստաբանը նշեց, որ չի հանդիսանում Լևոն Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցիչը, սակայն, հաշվի առնելով, որ ցանկացած դեպքում, երբ անձը տեսնում է, որ հանցագործություն է կատարվել, պետք է հաղորդում ներկայացնի, հետևաբար, ինքը համապատասխան գրություն կհասցեագրի դատախազությանը։

«Գտնում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Եթե դատաբժիշկը նշել է, որ մահը վրա է հասել հրազենային վիրավորումից կարճ ժամանակ անց և նշում է ժամանակահատված՝ փորձաքննությունից 13-15 ժամ առաջ, ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ևս մեկ հրազենային վիրավորում է պատճառվել՝ հենց այդ ժամին։ Ընդ որում՝ դիակային բծեր նույնիսկ չի ունեցել։ Ինչ վերաբերում է կարճ ժամանակ անց մահվանը, գուցե պարզաբանում ներկայացնեն՝ ինչպե՞ս է ստացվում, որ զինծառայողը հրազենային վիրավորում ստանալուց հետո ողջ է մնացել, բայց արձանագրվել է մահը»,- նշեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ քրեական գործում տվյալներ կան, որ զինծառայողներից մեկը օգնություն էր կանչում, ողջ էր, փաստորեն՝ Լևոն Հարությունյանն էր այդ զինծառայողը, ընդ որում՝ Գոռ Սահակյանը և Մուրադ Մուրադյանը տեղափոխվել են սանիտարական մեքենայով, իսկ Լևոն Հարությունյանին, որը բղավում էր՝ հրամկազմից ինչ-որ մեկի մեքենայով, իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել՝ պետք է գլխավոր դատախազությունը հետաքրքրվի։

Իսկ թե արդյո՞ք ստացված վնասվածքները կարող են վկայել վիճաբանության մասին՝ Սարգսյանի գնահատմամբ՝ սպանության մեջ մեղադրվող անձի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինիս մարմնին որևէ վնասվածք չի եղել, հետևաբար, մեղադրյալի և երեք զինծառայողների միջև որևէ միջադեպ բացառվում է։ Միևնույն ժամանակ դատաբժիշկը նշել է, որ պայքար և ինքնապաշտպանություն հասկացողություններն իրավաբանական են և դրա պարզաբանումը չի մտնում իր գործառույթների մեջ։

Տուժող Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչը եղել է նաև դեպքի վայրում, որտեղ արյան որևէ հետք չի եղել, փաստաբանը չի բացառում, որ զինծառայողներին սպանել են այլ վայրում, ապա՝ տեղափոխել գտնվող վագոն-տնակ։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ, թեև զինվորական քրեական գործերով սովորաբար նշանակվում է զենքերի դատագենետիկական փորձաքննություններ, քրեական գործով նման փորձաքննություն չի նշանակվել, նշանակվել է՝ դատաձգաբանական փորձաքննություն, ինչը դեռևս չի սկսվել, ուստի փաստաբանը միջնորդել է դատագենետիկական փորձաքննություն նշանակել՝ մինչև դատաձգաբանական փորձաքննության իրականացումը, որպեսզի հետքերը չվերացվեն, սակայն միջնորդությունը մերժվել է. «Թե ինչ շահագրգռվածություն ունի՝ չեմ հասկանում։ ԱԱԾ-ն պետք է հետաքրքրվի դրանով»։

Comments