Սիսիանում ավագանու նիստը անօրինակա՞ն է կայացել․ ի՞նչ հիմքով է այն վիճարկվել դատարանում
Հունվարի 31-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի է ունեցել ավագանու 2022 թվականի առաջին նիստը: Այն վարում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Նիստին ներկա էին ավագանու 7 անդամներ, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ: Օրակարգում ընդգրկված 10 հարցերից 9-ն ընդունվեց միաձայն, իսկ հարցերից մեկի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» քննարկումը տեղափոխվեց ավագանու հաջորդ նիստ:
MediaHub.am-ը Արմեն Հակոբջանյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս նիստին քվորում ապահովվել է, քանի որ Սիսիանի ավագանին բաղկացած է 15 անդամից, թեև 2 անդամները մահացել են, սակայն նրանց տեղերը պահպանվում են և քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր ավագանու առնվազն 8 անդամի ներկայություն։ Մեր հարցին ի պատասխան` նախ Հակոբջանյանը նշեց, որ իրեն հարմար չէ, ապա հայտնեց․ «Ինչ որ մարդիկ վարչական դատարան են դիմել, որպեսզի անվավեր համարվի նիստը։ Բայց նիստը անվավեր չի կարող լինել, քանի որ ավագանու որոշմամբ Սիսիան համայնքի ավագանու կազմը կրճատվել է և հիմա բաղկացած է 13 անդամից»։
Նա անուններ չտվեց, թե ովքեր են դատարան դիմել` նշելով, որ գործի մանրամասներին տեղյակ չէ։
Հարցին՝ ե՞րբ է նման որոշում ընդունվել ավագանու կողմից՝ Հակոբջանյանը նշեց․ «Չեմ կարող ասել, չգիտեմ, բայց այդ ժամանակ ես չեմ եղել համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և անգամ չգիտեմ, թե երբ է նման որոշում կայացվել, բայց որոշումը կա»։
Մենք փորձեցինք այդ որոշումը գտնել Սիսիանի համայնքապետարանի պատոնական էջում՝ ավագանու որոշումների մեջ, սակայն չհաջողվեց։
Արմինե Նավոյան
Comments