Սիսիանում նոր կրքեր են հասունանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։ 21 մանդատ է լինելու։ Համայնքապետ ընտրելու համար հարկավոր է 11 ձայն։ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ ողջ օրը կենաց-մահու պայքար են մղել մեկ մանդատի համար, ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել, չնայած, որպես կանոն, ավել մանդատը գումարում են ամենաքիչ ձայն ստացած ուժին։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։ «Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։ Սակայն վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը։ Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն։ Նշենք, որ դեռ ընտրություններից առաջ ԱԵ-ն հայտարարել էր, որ որեւէ պարագայում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի։ Չնայած եթե ընդդիմության հետ էլ կոալիցիա չկազմեն, կնշանակի անուղղակի աջակցություն ՔՊ-ին, քանի որ Փաշինյանը 20 օրվա ընթացքում օրենքով իրեն իրավունք է վերապահել համայնքապետի պաշտոնակատար նշանակել։ Մեզ ասացին, որ գործարար Արա Զաքարյանը սերտ շփումներ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, եւ չեն բացառում, որ նա կշրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Comments