Սիսիանի ՔՊ-ի ցուցակի անդամներից մեկը զոհված զինծառայողների ծաղիկների գումարը գողացե՞լ է, այնուհետև…
Սիսիանի ՔՊ-ի ցուցակի անդամներից մեկը զոհված զինծառայողների ծաղիկների գումարը գողացե՞լ է, այնուհետև «փարթի» կազմակերպե՞լ
Սիսիան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը բավականին հետաքրքիր թեկնածուներ ունի։
Այդ ցուցակում յուրահատուկ տեղ է զբաղեցնում Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը։ Վերջինս աշխատում էր համայնքապետարանում ՔՊ-ական թեկնածու, Սիսիանի համայնքապետի ժ/պ Արմեն Հակոբջանյանի պաշտոնավարումից առաջ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, սկզբում ՔՊ-ական իշխանավորների և Նարա Հովհաննիսյանի ջրերը մի առվով չեն հոսել։ Ավելին՝ ամեն ինչ արվել է Հովհաննիսյանից անաղմուկ ազատվելու համար, սակայն տիկինն անդրդվելի է եղել և շարունակել է աշխատել մինչև այս ուշագրավ միջադեպը։ Ըստ Սիսիանի մեր աղբյուրների, Նարա Հովհաննիսյանի համակարգմամբ՝ համայնքապետարանում գումար են հավաքել ազատամարտիկների պանթեոնում զոհված տղաների շիրիմներին ծաղիկներ խոնարհելու համար, սակայն ինչ-ինչ առեղծվածային պայմաններում այդ գումարի մի մասն անհետացել է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ականները սկսել են մեղադրել սույն տիկնոջը՝ զոհված տղերքի ծաղիկների գումարը շորթելու մեջ: Սիսիանի բնակիչները կհաստատեն, որ այդ թեմայի շուրջ աղմուկ է բարձրացել։
Սակայն, հանկարծ խոսակցությունները դադարել են, ՔՊ-ականները մոռացել են այդ ամոթալի դրվագը և սկսել են լոյալ վերաբերվել տիկին Նարային. հավանաբար վերջինս խոստացել է ձայներ ապահովել ՔՊ-ական համայնքապետի ժ/պ Արմեն Հակոբջանյանի համար։ Թերևս դրանով կարելի է բացատրել նաև սույն տիկնոջ հայտնվելը ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Ի դեպ, բոլորովին վերջերս, օգոստոսի 20-ին՝ «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված երկօրյա սուգից անմիջապես հետո, Սիսիանի համայնքապետարանը երիտասարդների համար համերգ-դիսկոտեկ է կազմակերպել։
Մեր աղբյուրները պնդում են, որ Նարա Հովհաննիսյանը, ով ի պաշտոնե կոորդինացնում է նաև երիտասարդների հետ աշխատանքները, ջանք ու եռանդ չի խնայել այդ միջոցառման համար:
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ սգո օրերին հաջորդող դիսկոտեկը ոչ միայն զուտ Երիտասարդների օրը նշելու առաքելություն ուներ, այլև քաղաքի երիտասարդությանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին պատրաստելու ու Արմեն Հակոբջանյանի համար աջակիցներ հայթայթելու հնարավորություն էր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, և 24TIME.am-ը փորձում է տեղյակ պահել հեղափոխությամբ հիացածներին այն մասին, թե ինչ է կատարվում «ժողովրդավարության բաստիոնում», ինչպես նաև աջակցել համայնքների բնակիչներին ունենալ ոչ թե գունավոր, փայլուն թղթի մեջ փաթաթված «կտեր», այլ իրականության մասին օբյեկտիվ տեղեկատվություն:
Comentários