top of page

Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան



Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։


Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում: Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ։


Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։


Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։


Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:

Comments