Ինչ է սպասվում. առջևում «Սև ուրբաթ» է. «Ժողովուրդ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում ոչ միայն խանութները, այլև սպառողները շունչները պահած սպասում են «Սև ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 26-ին: Նշենք, որ «Սև ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, և որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սև ուրբաթ» տոնելը Հայաստանում եւս նորաձեւ է դարձել, սակայն հայաստանյան «Սև ուրբաթը» խիստ տարբերվում է ամերիկյանից: Օրինակ՝ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաև, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հագուստի, կոշիկի, կոսմետիկայի խանութները, նաև մարզասրահները արդեն սկսել են սպառողներին տեղեկացնել սպասվելիք զեղչերի մասին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն հասցրել է բողոք ստանալ քաղաքացուց՝ մարզասրահի՝ քաղաքացուն մոլորեցնելու վերաբերյալ: Թերթին ՄՊՀ-ից փոխանցեցին, որ իրենք արդեն նախազգուշացրել են առևտրի կետերին զերծ մնալ սպառողին մոլորեցնելու փորձերից: Բավարար կլինի, թե ոչ այս նախազգուշացումը, կամ կզգոնանան արդյոք խանութները ՄՊՀ-ի կոչից, ցույց կտա ժամանակը:
Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում: Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր կլինի տեսնել մի ապրանք, որի գինը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի կլինի, քան «Սև ուրբաթ»-ի շրջանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























































Comments