Տղամարդը գրտնակով հարվածել է հորն ու քրոջը, սպառնացել՝ սպանել
Հակոբ Ս.-ն 2020 թվականի օգոտոսի 18-ին` ժամը 13:30-ին, հոր՝ Մանուկ Ս.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջինիս հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել. «Մորթելու եմ քեզ, սպանելու եմ, իմ ձեռքով ես էթալու»:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունվարի 4-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Մանուկ Ս.-ն իրական և ռեալ է համարել սպառնալիքը և տանից դիմել է փախուստի, հանգրվանելով՝ ավտոտնակում:
Հակոբ Ս.-ն 5-րդ հարկից ցած է նետել հորը պատկանող «Panasonic» տեսակի «SA-VK800» մոդելի երաժշտական կենտրոնը՝ պատճառելով 75.000 դրամ գույքային վնաս:
Տղան հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 23:00-ի սահմաններում գրտնակով հարվածել է քրոջ ձախ ձեռքի դաստակի վերին հատվածին, ապա երկու անգամ հարվածել աջ ոտքի ազդրի դիմային հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այդ ամենին միջամտել է հայրը, սակայն վերջինս նույն գրտնակով, հարվածել է հոր գլխին, ինչի հետևանքով առաջացել է սալջարդ-պատռված վերք, որից արյուն է հոսել:
Հակոբ Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comentários