top of page

Ռուբեն Կարապետյանը հեռացել է նախագահի խորհրդականի պաշտոնից



Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հրաժարական է տվել նաև 2020 թվականի դեկտեմբերի 19-ին նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակված Ռուբեն Կարապետյանը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ արտակարգ և լիազոր դեսպան Կարապետյանից։


Նա հրաժարվեց հավելյալ բան ասել նախագահի հրաժարականի պատճառների մասին։ «Նախագահն իր հայտարարություն մեջ ասել է, ինչը որ նպատակահարմար էր։ Եթե բացելու բան ունենամ, անպայման կխոսեմ», - ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը։ Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին արտաքին քաղաքականության մեջ, Կարապետյանը դժվարացավ նշել․ «Չեմ կարող ասել, չեմ էլ կարող մեկնաբանել օդի մեջ, որովհետև դեռ որևէ բան հստակ չէ»։


Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին։ «Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները», - հունվարի 23-ին տարածած իր հայտարարության մեջ նշել էր Արմեն Սարգսյանը։ Դեսպան Կարապետյանն ասաց, որ ամբողջությամբ համամիտ է Արմեն Սարգսյանի՝ հայտարարության տեքստի հետ։ «Համաձայն եմ, այո՛, և ավելին», - եզրափակեց նա։

Կարապետյանը 2019-20 թվականներին արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդականն է եղել ու հեռացել է այս պաշտոնից 2020-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 11-ին։ Մնացականյանը նախարարի պաշտոնից հեռացել է 2020-ի նոյեմբերի 16-ին։ Նա արտակարգ և լիազոր դեսպան է աշխատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայում, Լիբիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Սուդանում, Մարոկկոյում, Իտալիայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Պորտուգալիայում, Մալթայում, ՀՀ Լիազոր ներկայացուցիչ՝ Արաբական պետությունների լիգայում և Աֆրիկյան միությունում։


2021 թվականի հունվարի 15-ին Ռուբեն Կարապետյանը «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության կայքում հոդված էր հրապարակել՝ ««Երրորդ հանրապետության» հիմնարար դասերը» վերտառությամբ։ «Արցախյան վերջին պատերազմը ամենայն սրությամբ մեր առջեւ դրեց այս շուրջ 30-ամյա ՀՀ անկախության վերաիմաստավորման, թույլ տված սխալների ու բացթողումների վերհանման, ինչպես նաեւ ճշգրիտ լուծումներ առաջարկելու եւ առաջնահերթ անելիքները հստակեցնելու անհրաժեշտությունը», - հոդվածում նշել էր նա։


Կարապետյանը հրապարակայնորեն աջակցել էր «Սասնա ծռեր» խմբավորմանը, 2018-ին հայտարարել էր, թե հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ նշելով, որ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից:

Comments