ՌԴ-ն պատրաստակամ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազ…
Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների համար հաղորդման մեջ:
«Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի.Հ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությանը համապատասխան՝ ս. թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շ.Ա Մուստաֆաևը, Մ.Հ. Գրիգորյանը և Ա. Լ. Օվերչուկը:
Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև ս.թ. մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը:
Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանի մոտ կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Comments