top of page

ՌԴ-ն թույլ չի տա հետխորհրդային տարածքը վերածել հակառուսական պլացդարմի



Միացյալ Նահանգները մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա, սակայն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։


Ուկրաինան միայնակ է մնացել և ոչ ՆԱՏՕ-ն, ոչ անգլո-սաքսոնական ուժերը չեն պատրաստվում պատերազմել ՌԴ-ի դեմ՝ հօգուտ Ուկրաինայի:


ՌԴ-ի զինված ուժերը ամեն օր նոր տարածքներ են վերցնում իրենց հսկողության տակ Ուկրաինայում: Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Արևմուտքը ցանկանում է հետխորհրդային երկրներից կերտել հակառուսական պլացդարմներ՝ զինում է այդ երկրները, «գունավոր հեղափոխությունների» միջոցով իշխանության է բերում արևմտամետ գործիչների, սակայն իրավիճակի սրման և ռազմական բախման դեպքում նրանք չեն պատերազմում և զորք չեն ուղարկում հետխորհրդային այդ երկրները պաշտպանելու համար: Այդպես էր 2008թ.-ին Վրաստանում՝ այդպես է 2022թ.-ին Ուկրաինայում:


ՌԴ-Արևմուտք հարաբերությունները տեղափոխվում են «սառը պատերազմի» ժամանակաշրջան՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն տնտեսական կոշտ պատժամիջոցներ են կիրառելու ՌԴ-ի դեմ, սակայն Մոսկվան ուկրաինական պատերազմի միջոցով ապացուցեց, որ հետխորհրդային տարածաշրջանում անգլո-սաքսոնական ուժերը ստիպված են ընդունել և հարգել ռուսական գեոպոլիտիկ շահերը:

Հետխորհրդային տարածաշրջանը Մոսկվան ընկալում է, որպես իր կենսական շահերի, ազդեցության գոտի և թույլ չի տա, որպեսզի նախկին ԽՍՀՄ երկրները վերածվեն հակառուսական ռազմական պլացդարմների, որոնք սպառնալիք կներկայացնեն ռուսական պետականության համար:


Մոսկվան փորձում է սլավոնական երկրները՝ Բելառուսը, Ուկրաինան, վերադարձնել իր ազդեցության գոտի՝ ամրապնդելով ռուսական գեոպոլիտիկ դիրքերը Արևելյան Եվրոպայում և Սև ծովում:


Ուկրաինական պատերազմը դաս է նաև Վրաստանի համար, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին է՝ պարզ է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն նույնատիպ ռազմական գործողություն կարող է անցկացնել տարածքով ավելի փոքր Վրաստանում՝ հենվելով Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված իր զորքերի, սևծովյան ռազմածովային ուժերի վրա:


Նշենք, որ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական փոխգործակցության մասին պայմանագիրը Մոսկվայի հստակ ազդակն էր Բաքվին, որ Ադրբեջանն երբեք չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ՝ նատօական զորքերը չեն հայտնվելու ռուսական Հյուսիսային Կովկասի հարևանությամբ և Կասպից ծովի ափին:


Այսպիսով, ուկրաինական պատերազմը՝ ՌԴ-Արևմուտք ազդեցության գոտիների վերաբաշխման մասին է խոսում՝ Մոսկվան հստակ ցույց տվեց Արևմուտքին, որ ՌԴ-ն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունը ցանկացած գնով և թույլ չի տա իր սահմանների երկայնքով ձևավորել ՆԱՏՕ-ական ռազմաբազաներ, որոնք տեղակայվելու են նախկին ԽՍՀՄ տարածքում:


Արտյոմ Բալասանով

Comments


1/488

LATEST NEWS​​

bottom of page