top of page

ՔՊ-ն դեմ է. ԱԺ-ն «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ հայտարարություն չի տարածի



Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին։ Ըստ նրա՝ Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարությունների ու մեկնաբանությունների տեսքով։


«Ազգային ժողովն ու արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն։ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները», – ասաց Արսենյանը։


Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։ Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:


Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page