top of page

«Թալանչի նախկինները» գլխավորո՞ւմ են ՔՊ-ի ցուցակը



2018 թվականից ի վեր այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, ցավոք, բացասական, որ գրեթե ժամանակ չի լինում ուշադրության կենտրոնում պահել մարզերը:

Հաշվի առնելով այն, որ մոտենում են ՏԻՄ ընտրությունները՝ 24TIME.am-ը ժամանակ կհատկացնի ՏԻՄ-երին՝ փորձելով պարզել՝ գուցե 2018 թվականի հեղափոխությունը մի դրական օգուտ է տվել Հայաստանի մարզերին, օրինակ, վերացե՞լ են արդյոք նախկին քրեաօլիգարխիկ ազդեցությունները, համայնքնապետերի կողմից կոպեկներով համայնքի սեփականությունը համարվող հողեր վաճառելու և վարձակալության տրամադրելու արատավոր պրակտիկան, ազգականների ապօրինի շինություններն օրինականացնելու մոլուցքը և այլն:


Պարզ է, որ այդ ամենը կար 2018-ին, հենց այդ պատճառով էլ հազարավոր մարդիկ մարզերից եկան Հանրապետության հրապարակ և մերժեցին նախկիններին: Ի վերջո, պետք է պարզել՝ պատժվեցի՞ն արդյոք այդ «թալանչի նախկինները», ըստ 2018-ի հեղափոխականների՝ ներկայումս արդեն իշխանության կողմից տրված բնորոշումների, թե՞ ամեն ինչ նույնը մնաց, ուղղակի «թղթաբանությունն ավելացավ»:

Այս անգամ կանդրադառնանք Լոռու մարզում գտնվող շատ գեղեցիկ համայնք Գյուլագարակին, որտեղ, կարծում ենք, ինչպես Հայաստանի շատ վայրերում, սպասում էին կադրային փոփոխությունների, բայց պարզվեց, որ նախկիններն անփոխարինելի են՝ նույնիսկ մերժվելուց հետո:

2022 թվականի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը Գյուլագարակում առաջադրել է ոչ ավել, ոչ պակաս նախկինների ժամանակ՝ 2017 թվականին, Գյուլագարակի համայնքապետ եղած, այժմ էլ համայնքապետի ժ/պ Խաչիկ Վարդանյանին:

Ըստ որոշ տեղեկությունների, Խաչիկ Վարդանյանը եղել է «Օրինաց Երկիր» կուսակցության, ապա ՀՀԿ անդամ, իսկ այժմ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը:

Մենք լիահույս էինք, որ Խաչիկ Վարդանյանն իրոք մտահոգ է համայնքի խնդիրներով՝ հաստատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողերը կոպեկներով չի վաճառի կամ վարձակալության տրամադրի, կամ դստերը պատկանող ապօրինի շինությունները չի օրինականացնի, բայց մյուս կողմից էլ այդքան տարբեր ուժերի հետ աշխատած մարդը պետք է, որ հասկանա՝ քաղաքականությունն անցողիկ է, կապիտալը՝ մնայուն:


Գուցե հենց այդ պատճառով էլ Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո Խաչիկ Վարդանյանը ժամանակ չի կորցրել և օրինականացրել է իր դստերը պատկանող շինությունները. 2022-ի փետրվարի 22-ի որոշմամբ օրինականացրել է իր դստերը՝ Սեդա Վարդանյանին պատկանող մի ապօրինի շինությունը՝ նկուղ, առևտրի օբյեկտ, խանութ և փոփոխել բնակավայրի նշանակությունը՝ տալով հասարակական նշանակություն, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ էլ օրինականացրել է իր դստերը պատկանող մեկ այլ ապօրինի շինություն՝ 101 քմ խանութը՝ նորից փոխելով բնակելի նշանակությունը հասարակական նշանակության:

Մնում է պարզել՝ հեղափոխությունից հետո գոնե թղթաբանությունը շատացե՞լ է, թե դա էլ է նույնը մնացել:



Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.