top of page

Ի՞նչն է պատճառ հանդիսացել, որպեսզի զինվորը ինքնակամ թողնի զորամասը․ գնահատական կտրվի



ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն.

«Գնահատական կտրվի այն հանգամանքին՝ ի՞նչն է պատճառ հանդիսացել, որպեսզի զինվորը ինքնակամ թողնի զորամասը:

Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները: Տարիներ շարունակ մենք չէինք լսել, որ նման խնդիրներ կան, եթե կա, հետևաբար, բազմակողմանի, օբյեկտիվ քննության շրջանակներում դա ուսումնասիրության առարկա կդառնա»,-ասաց փոխնախարարը:

Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ՊՆ-ին ձեռնտու է, որպեսզի գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն, եթե անգամ զինվորի դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ փաստեր կան.

«Եթե զինվորի նկատմամբ բռնության գործադրաման փաստ լինի, ապա կտեսնենք դրա հետևանքները»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգ է ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։

Comments


1/467

LATEST NEWS​​

bottom of page