Պատմական շրջադարձ․ Պուտինը ճանաչեց Դոնեցկն ու Լուգանսկը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը: Պուտինը և Դոնբասի երկու հանրապետությունների ղեկավարները կնքել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է մտնել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ռուսամետ վարչակազմերի հսկողության տակ գտնվող տարածքներ, որոնք Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ճանաչվել են որպես ինքնիշխան երկրներ:
Պուտինի հրամանով ռուսական զորքը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն է կատարելու: Պուտինը շարունակում է «ռուսական հողերի միավորման», քաղաքականությունը, որի գաղափարական հիմքերը ձևակերպել է դեռ 15 տարի առաջ Մյունխենի հայտնի ելույթում։
Հիմա պահը հարմար է. միաբևեռ աշխարհին փոխարինելու է գալիս միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունը ու Պուտինը համարում է, որ Ռուսաստանը վերցնում է իր «բաժինը»: Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ կտա ռուսական կայսրությանը։
Սկզբունքային է մնում այլ հարց։
Զորքերի կուտակումը ու պատերազմի սպառնալիքը քողածածկույթ էին Դոնբասն ու Լուգանսկը ճանաչելու համա՞ր, թե՞ դրանց ճանաչումն է քողածածկույթի օպերացիա` Ուկրաինայում գործող վարչակարգի փոփոխության համար։
Այս հարցերն առաջիկա օրերին կստանան իրենց պատասխանները։
Հիմա ավելի կարևոր է այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, որի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը՝ Պուտինի հայտնի հրամանագրերից հետո, ավելի սահմանափակվել են։ Հայաստանը կարո՞ղ է Մոսկվային համոզել, որ նպատակահարմար չէ Երևանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը։
Վահրամ Բագրատյան
Comments