Պատերազմը սկսվեց․ «հին աշխարհի» կործանումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի:
«Ուկրաինայի նեոնացիստական ռեժիմը դարձել է մշտական վտանգ Ռուսաստանի համար: Դիմում եմ Ուկրաինայի զինվորներին. ձեր պապերը կռվել են ֆաշիզմի դեմ ոչ թե նրա համար, որ այդ երկրում ծավալվի նեոնացիստական ռեժիմ: Մենք հասնելու ենք Ուկրաինայի դենացիֆիկացիային», - նշել է նա:
Ըստ էության, մեկնարկել է ռուսական զորքերի մուտքը Ուկրաինա ու երեկվա ընթացքում ուկրաինական մի շարք բնակավայրեր, ռազմավարական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ն, անցել են Մոսկվայի վերահսկողության տակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է՝ Պուտինը ցանկություն ունի վերականգնել ԽՍՀՄ-ը։ Իհարկե, խոսքը պայմանական ԽՍՀՄ-ի մասին է։ Սակայն խոսքը նույնիսկ ոչ թե ձևի, այլ բովանդակության մասին է։ Միաբևեռ աշխարհակարգը փլուզվում է, միջազգային հարաբերությունները դառանում են բազմաբևեռ, ինչն, իր հերթին, ակտուալ է դարձնում խոսակցություններն «ազդեցության գոտիների» վերականգնման մասին։
«Ռուսական հողերի հավաքում», «ռուսական աշխարհի միավորում»․ այս բոլոր արտահայտությունները մասամբ ճիշտ են, իսկ էականն այն է, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանը վերականգնում է իր տոտալ ազդեցությունը։
Շատ յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, որտեղ Հայաստանը հնարավորինս պետք է նուրբ գործի։ Իհարկե, հասկանում ենք, որ ներկա ապիկար իշխանության պայմաններում նման բարդ խնդիր լուծելը գրեթե անհնար է։ Բայց ստեղծված բարդ իրավիճակում գերջանքեր են պահանջվում ողջ քաղաքական համակարգից, հակառակ դեպքում՝ անվտանգային նոր ռիսկերը կարող են անկառավարելի դառնալ։
Վահրամ Բագրատյան
Comments