Ո՞վ է հաջորդ նախագահը․ ում անուններն են շրջանառվում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հունվարի 23-ի երեկոյան նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո քննարկման գլխավոր թեման հաջորդ նախագահի անունն է։ Թեև դեռևս ԱԺ նախագահը չի ստորագրել Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը և Սարգսյանն ըստ օրենքի իրավունք ունի այն հետ վերցրել, սակայն քննարկվող թեման մնում է արդիական։
Հրաժարականից հետո քննարկվում էր երկու անուն՝ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյան և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան։ Ի դեպ, հենց հրաժարականի օրն էլ Էդմոն Մարուքյանը օգտատերերից մեկի գրառմանն արձագանքելով` չէր թաքցրել նախագահի պաշտոնում ընտրվելու իր հավակնությունները։ Այս անունների շուրջ քննարկումները գրեթե մարեցին Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, որտեղ վերջինս նշեց, որ որևէ անուն չի քննարկվել, իսկ ընտրությունը կանգ է առնելու իշխող թիմի հետ որևէ հակասություն չունեցող անձի վրա։ Այս կերպ Փաշինյանը կարծես ոչ ուղիղ, բայց բացասական արձագանքեց Մարուքյանի և Սարգսյանի թեկնածություններին։
ՔՊ թիմից քննարկումների կենտրոնում են հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները, սակայն նրանցից որևէ մեկի առաջադրումը քիչ հավանական է, քանի որ իրենց զբաղեցրած պաշտոններում նրանց գործունեությունից վարչապետը գոհ է և նոր աղմկահարույց քննարկումներ այս պաշտոնների հարցում չի ցանկանում ունենալ։
Այս պահին շրջանառվող անուններից ամենահավանական թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։
Ի դեպ վարչապետը Սահմանադրական փոփոխությունների հարցում կարծես թե փոշմանել է և չի ցանկանում կրկին կիսանախագահական համակարգին անցում կատարվի, քանի որ այս կերպ միանձնյա որոշումներ կայացնելու հարցում խոչընդոտներ չունի, այդ պատճառով էլ նախագահի ընտրության հարցում որոշում հապճեպ չի կայացնում և հնարավոր բոլոր թեկնածուներին դիտարկելուց հետո միայն կհայտարարվի անունը։ Ի դեպ վերջին ասուլիսում վարչապետը նշեց, որ սահմանադրական փուփոխությունների հարցերով ստեղծվելիք հանձնաժողովն իրենից չի ենթադրում Սահմանադրության փոփոխություն, այն մոնիթորինգի է ենթարկելու նախորդ փոփոխության արդյունքները։
Արմինե Նավոյան
Comentarios