top of page

Օհանավանում արաբ ներկայացող ինչ-որ անձինք տներ և մեծ թվով հողակտորներ են ձեռք բերել



Ինչպես Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում, Օհանավան համայնքում նույնպես, արաբ ներկայացնող, սակայն իրականում անհայտ ազգությամբ ինչ – որ մարդիկ տներ և հողատարածքներ են ձեռք բերել։ Այս մասին լուրերը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հաստատել է ՀՀ Արագածոտնի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը և հավելել. «Համայնքում երևի 3-4 տուն է վաճառվել։ Կասկածելի գնորդներն այստեղ հիմնականում մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում։ Ես տեղյակ չեմ, թե ովքեր են այդ մարդիկ, անձամբ չեմ տեսել նրանց, չեմ խոսել հետները։ Լսել եմ, որ մարզում ինչ – որ խոսակցություններ կան, թե թուրքերն այստեղ տներ են ձեռք բերում, բայց ես չունեմ նման ինֆորմացիա, որ կոնկրետ Օհանավան համայնքում անշարժ գույք կամ հողատարածք ձեռք բերողները թուրքեր են եղել։ Նրանք ներկայանում են որպես արաբներ»։

Համայնքապետն ընդգծում է՝ տներն ու հողակտորները ձեռք են բերվել անմիջապես սեփականատերերից. «Ես նրանցից ոչ մեկին չեմ տեսել, հետները չեմ շփվել։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն, տներն ու հողատարածքները գնվել են ՀՀ պետական ռեգիստրում գրանցված ՍՊ-ների միջոցով։ Կարծում եմ, այս թեմայով ավելի հավաստի և հստակ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմել Արդարադատության նախարարությանը, որի միջոցով պետական ռեգիստրում ՍՊ-ների գրանցումներ են իրականացվում։ Կարծում եմ, գրանցված ՍՊ-ների միջոցով էլ, կարելի է հեշտությամբ պարզել գնորդների իրական ազգային պատկանելիությունը։ Այս հարցի վերաբերյալ առաջացած անհանգստություններն ու անպատասխան մնացած հարցերը պետք է պարզաբանի նաև Ազգային Անվտանգության ծառայությունը, որովհետև, նորից եմ կրկնում, ես, որպես համայնքի ղեկավար, չեմ տիրապետում բավարար չափով ինֆորմացիայի և ասում եմ այնքան, որքանով տեղյակ եմ։ Կարող եմ միայն հաստատել, որ իմ համայնքապետ աշխատած երեք տարիների ընթացքում համայնքապետարանի միջոցով նմանօրինակ առք ու վաճառքի գործարք չի կատարվել, նման դեպք չի գրանցվել, գնումները կատարվել են բացառապես սեփականատերերից»։ Այբ

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ճի՞շտ են արդյոք տարածված լուրերը, թե անհայտ ծագման գնորդները անշարժ գույքն ու հողատարածքները սեփականատերերից ձեռք են բերում շուկայականից նկատելիորեն բարձր գներով, Օհանավանի համայնքապետ Էդգար Հայրապետյանը չի կարողանում պատասխանել՝ ասում է գներից ևս տեղյակ չէ։ Հարցին՝ ինչո՞վ է հատկապես Արագածոտնի մարզն այդքան հետաքրքրել անհայտ ծագման և կասկածելի ազգային պատկանելությամբ գնորդներին, ովքեր շուկայականից անհամեմատ բարձր գներով ներդրումներ են կատարում և ձեռք բերում տներ ու հողատարածքներ, Էդգար Հայրապետյանը ևս պատասխան չունի։ Ասում է՝ խնդիրն, իհարկե, անհանգստացնող հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս, սակայն որևէ հստակ պատասխան չունի, ինֆորմացիային ինքը, ցավոք, չի տիրապետում։

Օհանավանի համայնքապետը նկատում է նաև՝ կասկածելի գնորդները համայնքում գրեթե չեն երևացել։ Նրանց կողմից գնված անշարժ գույքը՝ տները, պարիստապատված են, այնտեղ երբեմն- երբեմն այցելում են ազգությամբ հայ մարդիկ, ովքեր անհրաժեշտության պարագայում թղթաբանական, հողագործական կամ կենցաղային բնույթի ինչ – որ աշխատանքներ են կատարում և հեռանում են. «Գնված տներն ու հողատարածքները հիմնականում հայերն են տիրություն անում։ Նորից եմ ասում՝ չգիտեմ կազմակերպությո՞ւն է, անհա՞տ են ի՞նչ է, չգիտենք։ Գալիս են գնորդների կողմից տրամադրված լիազորագրերով ինչ – ինչ գործարքներ են կատարում՝ կլինի շինթույլտվություն ստանալու անհրաժեշտություն կամ նման ինչ - որ բաներ և այլն, անում են իրենց գործերն ու հեռանում են»։

Հիշեցնենք, որ, մասնավորապես Արագածոտնի մարզում անհայտ ծագման, իսկ, որոշ լուրերի համաձայն, ազգությամբ թուրք քաղաքացիների կողմից մասսայաբար անշարժ գույք և հողատարածքներ ձեռք բերելու մասին լուրերն ի հայտ էին եկել դեռևս նախորդ տարվա կեսերին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ՝ փետրվարի 3-ին, հաստատել էր, որ թուրքերը Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում


Comentarios


1/471

LATEST NEWS​​

bottom of page