Նախագահի թեկնածուն՝ ընդդեմ Փաշինյանի՞
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները պաշտոնապես ավարտված են՝ չնայած դրանից դեռ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի «սրտի թեկնածու» Վահագն Խաչատրյանն, ըստ էության, տվեց նախագահական իր կամպանիայի «շնորհանդեսի» մեկնարկը։
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ որևէ սկզբունքային հարցում Խաչատրյանը հակադրվելու է Փաշինյանին, հակառակ պարագայում՝ նա նախագահի թեկնածու չէր լինի։ Խաչատրյանը ճիշտ հակառակ առաքելությունն ունի՝ նա նախագահի պաշտոնում դառնալու է սովորական «նոտար», որը վավերացնելու է Նիկոլ Փաշինյանի բոլոր ավտորիտար ձգտումները։
Այնուամենայնիվ, ուշագրավ մի հանգամանք չի վրիպել մեր ուշադրությունից։ Լրագրողների հետ զրույցում ՔՊ առաջադրած նախագահի թեկնածուն խոսել է Հայաստանում գործող կառավարման համակարգի լուրջ բացթողումների մասին։
Վահագն Խաչատրյանը 2015-ին ընդդիմացել է սահմանադրական փոփոխություններին ու փաստորեն չի փոխել իր կարծիքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ սրանով հանդերձ՝ նա համաձայն է «լուրջ բացթողումներով» կառավարման համակարգում զբաղեցնել արարողակարգային ֆունկցիաներ ունեցող նախագահի պաշտոնը։ Սա խոսում է նրա քաղաքական «սկզբունքայնության» մասին։
Սակայն նույնիսկ այս հանգամանքը վիճահարույց չէր լինի, եթե երկրում սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը տրված չլիներ։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի «սրտի նախագահը» կողմ է կառավարման այն համակարգի փոփոխությանը, որն, ըստ էության, մի քանի անգամ, բառիս իսկական իմաստով, «փրկել» է Նիկոլ Փաշինյանին, որովհետև ակնհայտ է, որ կառավարման այլ մոդելում խորհրդարանական մեծամասնության ճակատագիրն ավելի քիչ կախված կլիներ Փաշինյանի ազդեցությունից, հետևաբար՝ նա հազիվ թե կարողանար պահել իշխանությունը հետպատերազմյան անկայունության շրջանում։
Ինչևէ, կարծում ենք՝ «քաղաքական ներդաշնակության» սկզբունքով Խաչատրյանի «այլախոհական» դրսևորումները շուտով իսպառ կվերացվեն։
Վահրամ Բագրատյան
Comentarios