Նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյա՞նն է․ դա կլինի նախագահական ինստիտուտի վերջը
ԶԼՄ-ները գրում են, որ նախագահի թեկնածուի հարցում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա։ Ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը ստացել է անձամբՆիկոլ Փաշինյանից, այլ խոսքով՝ այս հարցը դեռ կուսակցական վերնախավում չի քննարկվել։ Դրանով էր, թերևս, պայմանավորված, որ երեկ իշխանության խմբակցության պատգամավորները այս լուրը կամ չէին հաստատում, կամ էլ հանդես էին գալիս խուսափողական պատասխաններով։
Արայիկ Հարությանը հետհեղափոխական իշխանության ամենաձախողված կադրերից մեկն է, որի նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքն այնքան ակնհայտ է, որ դա չեն կարողանում թաքցնել անգամ Փաշինյանն ու իշխանության էլիտան։
Երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց ու Փաշինյանի իշխանությունը «մազից կախված» էր, վարչապետը մի քանի կադրային հարցեր լուծեց՝ հասարակության դժգոհությունը մի փոքր մեղմելու նպատակով։ Իր պաշտոնը լքողների, այլ խոսքով՝ «մատաղացուների» շարքում էր նաև Արայիկ Հարությունյանը, որն այն եզակի պաշտոնյաներից է, որի հրաժարականը ԿԳՍՄ նախարարի պաշտոնից հասարակության տարբեր խմբեր պահանջում էին անգամ պատերազմից առաջ։
Հիմա Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է ու, ըստ էության, զբաղված է ներիշխանական ինտրիգների, խմորումների, զարգացումների մոդեռատորությամբ։ Արայիկ Հարությունյանը հակացուցված է պետական մտածողությանը, համակարգային համատեքստին, սակայն ամենևին չենք զարմանա, որ հենց նա լինի Փաշինյանի «սրտի նախագահը»։ Թեկնածուն ինչքան վարկաբեկված, դիլետանտ ու ապաշնորհ է, այնքան նախընտրելի է գործող վարչապետի համար, որովհետև ձախողված ղեկավարին հեշտ է կառավարել տեսակ ու «Ես» չունեցող մարդկանց։
Փաշինյանն արդեն ասել է, որ նոր նախագահը պետք է «քաղաքական ներդաշնակություն» բերի, ինչը հանրամատչելի լեզվով նշանակում է, որ պետք է դառնա վարչապետի ավտորիտար նկրտումները վավերացնող «նոտար»։
Շուտով ականատես կլինենք կլինի նախագահական ինստիտուտի վերջին․ այլ բան «Արայիկ Հարությունյանները» անել չեն կարող։
Վահրամ Բագրատյան
Comentarios