Մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը ԼՂՀ

Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:
Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջին տարվա ընթացքում ռազմական ոստիկանության ավելի քան 600 անձնակազմ է ներգրավվել ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժն ապահովելու գործում», - ասել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Comments