Լկտի բաշիբոզուկ․ այլ գնահատական չկա․ Ոսկանյանը՝ Կապույտ մզկիթը ադրբեջանական ներկայացնողի մասին

Ադրբեջանական ճարտարապետություն հասկացություն գոյություն չունի, նման բնորոշում էլ չկա և հստակ է՝ Երևանի Կապույտ մզկիթը իրանական գոհարներից է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Երևան եկած ադրբեջանցի պատգամավորներից մեկի հրապարակման մասին, որտեղ վերջինս լուսանկար էր հրապարակել Երևանի Կապույտ մզկիթից ու կից գրել, որ կառույցը միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։
Նշենք, որ Կապույտ մզկիթը Երևանում կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ Արևելյան Հայաստանը Իրանական կայսրության կազմում էր։
«Մզկիթը կառուցող խանը՝ ամենավատ երազում անգամ չէր կարող տեսել, որ 100-ամյակներ անց՝ գիտության կեղծարարները իրեն ադրբեջանցի կանվանեն և իր կառուցած շինությունը կհամարեն ադրբեջանական, որը որևէ աղերս չունի իրականության հետ, այլ բացառապես, քարոզչական հնարք է, որի միջոցող Բաքվի բռնապետական վարչախումբը և նրա՝ Երևանում գտնվող ներկայացուցիչը, փորձում են ապահովել իրենց համար «պատմական լեգիտիմությունը»»,- ասաց նա։
Նման վարքագիծը Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հերթական սադրանքն է թշնամուց, միայն այն տարբերությամբ, որ այն լինում է հենց Երևանից։
«Նա լկտի բաշիբոզուկ է, այլ գնահատական այստեղ չենք կարող տալ։ Նրանք միտում ունեն ՀՀ-ի սրտից իրականացնել Բաքվի բռնապետի ռասիստական քարոզչությունը։ Շիա հավատացյալները հենց Ադրբեջանի ներսում, Բաքվի բռնապետական վարչախմբի ճնշումների հետևանքով՝ այժմ ապօրինաբար գտնվում են ադրբեջանական բանտերում՝ լինելով խղճի բանտարկյալներ»։
Ոսկանյանը նշեց՝ Ադրբեջանն այն հազվադեպ մահմեդական բնակչություն ունեցող երկրներից է, որտեղ հավատացյալ շիաների նկատմամբ իրականացվում են հետապնդումներ։
Հիշեցնենք, որ պատգամավորը գրել էր՝ «Չնայած տաճարի պատերին կան, որ այն պատկանում է մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»։
Ոսկանյանը շեշտեց՝ տվյալ մարդն անգամ չի կարող աղոթել այնպես, ինչպես իրական շիա հավատացյալը։
«Տարօրինակն այն է, որ այդ պատգամավորը «զգացողությունների» հիման վրա սադրիչ գրառումներ է անում, դե, ես էլ զգում եմ, որ Բաքուն հայկական քաղաք է, թող գնան, ապացուցեն, որ այդպես չէ»։
Մասնագետի դիտարկմամբ՝ նման սադրիչ հրապարակումների համար պատգամավորը պետք է պատժվի և տեղին կլինի, որ պետական աջակցությամբ՝ բողոք հղվի նրա Twitter-յան էջին և արգելափակվի։
Լիաննա Թորոսյան
Comments