Կոտայքի մարզում թալանել են պաշտոնյայի առանձնատունը
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 09:30–ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է զանգահարել Երևանի բնակիչ Դավիթ Մ.-ն և հայտնել, որ Ջրվեժ գյուղում գտնվող իր տանից գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկաններին Դավիթ Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ցանկապատի վրայով անցնելու եղանակով մուտք են գործել Ջրվեժ գյուղում X կադաստրային ծածկագրով իրեն պատկանող հողամասում կառուցված տաղավար և դրան կից հանգստի սենյակի ճաղավանդակը պոկելու, ապա եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և օդաճնշիչ «ՏԻՐ» տիպի հրացան:
Կայքի տեղեկություններով՝ Դավիթ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության բաժնի պետ:
Comments