Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին:
Դատախազության համապատասխան ծանուցագրերը, որոնք ուղարկվել են փետրվարի 21-ին, հրապարակվել են azdarar.am-ում:
Տեղեկությունը նաեւ հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորեցնելով՝«Դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է եւ հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»:
Comments