top of page

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին


ree

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:


Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:


ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին` վերջինիս 2021 թ. փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ. փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ: Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա: Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները:


ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարության առկա իրավիճակի կապակցությամբ:


Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:


ՀՅ Դաշնակցությունը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES): ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին:

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page