Ինքնանպատակության իներցիան
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկ հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է ԱԺ հինգ խմբակցությունների հեղինակած օրենքի նախագիծը՝ «Բռնազավթված տարածքների մասին»։ Քննարկումից հետո Արցախի ԱԺ-ն 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը։
Ավելորդ է ասել, որ այս օրենքի իրավակիրառական ռեսուրսները գրեթե զրոյական են։ Պատմական արդարության վերականգնումը, իհարկե, կարևոր կատեգորիա է, սակայն պրոդուկտիվ կարող է լինել միայն այն պարագայում, երբ բխում է քաղաքական ռեալիզմից։
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքն այդպիսին չէ, որովհետև իր բովանդակությամբ նախ հակասության մեջ է մտնում 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ ու նաև համահունչ է այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Արցախի առջև։
ԼՂՀ-ն իր սուբեկտությունն էապես սահմանափակել էր անգամ մինչև պատերազմը, իսկ 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո սուբեկտության մասին խոսակցությունները նույնիսկ անտեղի են։ Այս համատեքստում Արցախի խորհրդարանի ընդունած օրենքը կիրառական նշանակություն չունի անգամ Հայաստանի համար, էլ ուր մնաց՝ միջազգային միջնորդների կամ Ադրբեջանի համար։
«Կարծում եմ՝ սա պատմական քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար»,- խորհրդարանական երեկվա քննարկումների ժամանակ ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նույնիսկ Արցախում՝ նախարարի մակարդակով, անուղղակի խոստովանում են, որ իրենց ընդունած որոշումը, այսպես ասած, պատմական, արխիվային տիրույթում է ու չունի կիրառական նշանակություն։ Այսօրվա բարդ իրավիճակում՝ Արցախը, ՀՀ -ն մի խնդիր ունեն՝ պահանջել Արցախի անվտանգության երաշխիքներ։
Սա է միակ իրական օրակարգը։ Արցախի ԱԺ երեկվա քննարկումներն ամենևին էլ դրա մասին չէին։
Վահրամ Բագրատյան
Comments