Ինչո՞ւ ոստիկանությունը որոշեց փոխել պարեկային ծառայության մեքենաները «Toyota Camry»-ով
Ոստիկանության պարեկային ծառայության մեքենաները նախատեսվում է փոխարինել նորերով։ MediaHub.am-ի տեղեկություններով ներկայում օգտագործվող «Skoda Octavia» ավտոմեքենաները փոխարինվելու են «Toyota camry» մակնիշի 2020թ-ի արտադրության ավտոմեքենաներով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ նման փոփոխության անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ մեքենաների սպասարկման հետ կապված խնդիր է առաջացել։ Մասնավորապես, երաշխիքային սպասարկումից դուրս ոստիկանության մի շարք մեքենաների այլ ընկերություններ են սպասարկել, իսկ երբ երաշխիքային սպասարկման մեջ ներառվող որևէ ծառայություն անվճար ստանալու համար ընկերությունը դիմել է «Չեխ ավտո» ընկերությանը, վերջինս հրաժարվել է սպասարկել, պատճառաբանելով, որ երաշխիքային սպասարկում չի իրականացվում այն մեքենաների համար, որոնց այլ ընկերություններ սպասարկել են։ Իսկ ոստիկանությունն ի սկզբանե պայմանագիր չի կնքել, որպեսզի բացի երաշխիքային սպասարկումը, մեքենաների ամբողջական սպասարկումը ևս իրականացվի «Չեխ ավտո» ընկերության կողմից։ Եվ հիմա որոշում է կայացվել՝ «Skoda Octavia» ավտոմեքենաները կցել ոստիկանության բաժիններին, իսկ դրանք փոխարինել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներով, որոնց առաջին խմբաքանակը կտրամադրվի Լոռու մարզային պարեկային ծառայությանը, այնուհետև մեքենաների փոխարինումը տեղի կունենա փուլային եղանակով։
Նշենք, որ ոստիկանությունը 1,785 միլիարդ դրամ էր ծախսել պարեկային ծառայության 140 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Այնուհետև մեքենաների թիվն ավելացվեց ևս տասով։ Ընդ որում 1, մեքենան արժեցել էր 12,8 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայությունը մշտապես գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Լայն քննարկումների առիթ էր դարձել հատկապես մեքենաների արտաքին դիզայնում օտարալեզու գրառումների գերակայությունը, ինչից հետո ոստիկանությունը ստիպված եղավ փոխել մեքենաների արտաքին դիզայնը, որի վրա ևս շուրջ 1 մլն դրամ հավելյալ գումար ծախսվեց։
Comments