top of page

Ինչո՞ւ է բենզինն էժանացել և ի՞նչ սպասել առաջիկայում․ մեկնաբանում է Վահե Դավթյանը



Վերջին օրերին Հայաստանում բենզինը էժանացել է 10 դրամով։ Այսօր լցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժե 490 դրամ, իսկ պրեմիումը՝ 510:


MediaHub.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան, անդրադառնալով բենզինի էժանացման պատճառներին, նշեց․ «Էժանացումն այնպես չէ, որ էական էր և ազդելու է վարորդների գրպանի պարունակության վրա։ Խոսքը գնում է մեկ ամսվա ընթացքում 20 դրամ էժանանալու մասին։ Այս աննշան իջեցումը պայմանավորված է նախ և առաջ ներքին շուկայում նոր խաղացողների ի հայտ գալով։ Այսինքն, եթե նախկինում շուկան գործում էր մի քանի հիմնական խաղացողների ներքին պայմանավորվածության վրա, երբ միասնական գին էր որոշվում, ապա այսօր շուկայում կան նոր խաղացողներ։ Մենք գիտենք, որ Վրաստանից կա նոր խաղացող շուկայում, մենք գիտենք նաև, որ արդեն սկսվել է և դեռևս ավարտին հասցված չէ ղազախական ընկերության մուտքը հայաստանյան շուկա և այս ամենը չի կարող չանդրադառնալ ընդհանուր շուկայական կոնյուկտուրայի վրա։ Չմոռանանաք նաև, որ կա ևս մեկ խաղացող, որը նոր չէ, բայց նրա սեփականատերը վերջերս փոխվեց՝ «Ռան Օիլ» ընկերությունը, որը, մուտք գործելով շուկա, սկսեց իջեցնել գները և դրանով իսկ իջեցման համար նախադրյալներ ստեղծեց շուկայում և նրա ցածր գների քաղաքականությունից ելնելով՝ մյուս ընկերությունները ևս սկսեցին մրցակցային գներ առաջարկել։ Սրանով էր առավելապես պայմանավորված»։


Նրա խոսքով՝ այս ամենի մեջ պետք չէ փնտրել լուրջ գործընթացներ, քանի որ եթե հարցը, օրինակ, դիտարկենք նավթի գնի տիրույթում, ապա նավթի գինը վերջին շրջանում բարձրացել է. 1 բարելի գինը մոտեցել է 90 դոլարի։


Հարցին՝ առաջիկայում էժանացում կանխատեսվո՞ւմ է՝ Դավթյանը պատասխանեց․ «Այս պահին որևէ նախադրյալ չկա դրա համար։ Հակառակը, կարծում եմ, որ սպասվում է գնի բարձրացում կապված Ռուսաստանի վառելիքային շուկայում տեղի ունեցող պրոցեսներով, մասնավորապես, գիտենք, որ Ռուսաստանում 2022թ-ի առաջին եռամսյակում սպասվում է 4-5 տոկոս վառելիքի գնի բարձրացում և հաշվի առնելով, որ Հայաստան ներկրվող բենզինի և դիզվառելիքի առյուծի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, ապա սա անպայման իր անդրադարձը կունենա մեր ներքին գների վրա»։


Արմինե Նավոյան

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page