Ինչո՞ւ է ակտիվացել «նոր միության» թեման
«Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ՝ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, ուրեմն պիտի լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է լինել», - նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ինչպես տեսնում ենք՝ Քոչարյանը հստակ չի ասել, թե արդյո՞ք Հայաստանը պետք է միանա Ռուսաստան-Բելառուս միությանը, թե՞ ոչ։ Իհարկե, նրա ընդհանուր վերաբերմունքը միության հանդեպ պոզիտիվ է։
Սակայն նույնիսկ երկրորդ նախագահի, մեծ հաշվով, ընդհանրական պատասխանը բավարար էր, որպեսզի անցած երկու օրերին «նոր միության» թեման դառնա Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի կարևոր թեմաներից մեկը։
Իհարկե, այստեղ խնդիրն ամենևին էլ Քոչարյանի ասուլիսը չէ, այլ այն ընդհանուր, գլոբալ համատեքստը, որ ստեղծվել է տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում՝ առհասարակ։
Ռուսաստանի ու «կոլեկտիվ» Արևմուտքի կոշտ հակադրությունը նոր իրավիճակ է ստեղծել աշխարհում։ Շատ փորձագետներ խոսում են միաբևեռ աշխարհի վերացման ու միջազգային հարաբերությունների բազմաբևեռության մասին, ինչը ենթադրում է «ազդեցության գոտիների» վերականգնում։
Հետխորհրդային տարածքը համարվում է Ռուսաստանի կեսական շահերի տիրույթ կամ «ազդեցության գոտի»։ Ահա, այս կանխավարկածն էլ դարձել է «նոր միության» մասին քննարկումների առիթ, մանավանդ, որ Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրացիան շատ արագ ընթացքի մեջ է, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն տակավին վերջերս այս թեմայով «անկեղծացել» էր՝ ոչ դիվանագիտական ձևակերպումներով հասկացնելով, որ Հայաստանը նոր միությանը միանալու այլընտրանք չունի։
Բոլորս գիտակցում ենք, որ վաղ թե ուշ, այս թեման պրակտիկ առումով դառնալու է առանցքային Հայաստանի պետական և քաղաքական օրակարգում։
Հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունների դեմ որևէ մեկը չի առարկում։ Դա աքսիոմ է, որը բխում է քաղաքական ռեալությունից. այստեղ սիմպատիաների կամ անտիպատիաների պարզունակ բանաձևերը չեն գործում։
Վահրամ Բագրատյան
Comments